Այս պահին օրակարգում նման հարց չունենք․ Վահրամ Դումանյանը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին
12:26 - 21 հոկտեմբերի, 2021

Այս պահին օրակարգում նման հարց չունենք․ Վահրամ Դումանյանը՝ Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին

«Որեւիցե տեղ ես չեմ արձանագրել, որ ՀՀ կառավարության ղեկավարից կազմից որեւէ պաշտոնյա կամ ՌԴ բարձրաստիճան պաշտոնյա, մասնավորապես ԱԳ նախարարը, ասել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստվում է ռուսական դպրոց բացել, եթե հղում ունեք կխնդրեմ ինձ տաք»,- այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ պատասխանելով Հայաստանում ռուսական դպրոցներ բացելու մասին հարցին։

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն օրեր առաջ էր հայտարարել, որ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում հետաքրքրված է ռուսական դպրոցների բացմամբ։ 

Դումանյանն ասաց, սակայն, թե մի քիչ այլ կերպ է եղել հայտարարությունը, նրա խոսքով՝ հավանաբար որոշ ծրագրերի վերաբերյալ հետաքրքրություն դրսեւորելու մասին խոսք եղել է, բայց ռուսական դպրոց բացելու մասին՝ ոչ․ «Մեր նախարարությունը, ես, որեւիցե շփում չենք ունեցել պարոն Լավրովի հետ։ Իրոք, ցանկացած ծրագիր արժանի է ուշադրության, եկեք ծանոթանանք, հասկանանք»,- ասաց Վահրամ Դումանյանը՝ հարց հնչեցնելով, թե ինչու է առանձնացվում հատկապես ռուսերենը, ինչին ի պատասխան՝ լրագրողներն ասացին՝ քանի որ այլ երկրի արտգործնախարար չի հայտարարել, որ հետաքրքրված ենք գերմանական կամ չինական դպրոցների բացմամբ․

«Մենք հետաքրքրված ենք օտար լեզուների պոպուլյարիզացիայով, այդ թվում՝ ռուսաց լեզվի։ Որքան շատ լեզու իմանանք, այնքան ավելի ճկուն ու ինֆորմացած կլինենք, ի վերջո հո կաղապարված չենք մեր սահմաններով, 21-րդ դարում շփումների կարիք եւ անհրաժեշտություն ունենք, լեզուների իմացությունն առավելություն է՝ հատկապես մեր ռազմավարական գործընկերոջ լեզուն»,- արձագանքեց ԿԳՄՍ նախարարն ու հիշեցրեց, որ օրեր առաջ այստեղ էր Փարիզի համալսարանական հիվանդանոցների ղեկավարությունը՝ մասնակցելու կոնֆերանսի, որի ժամանակ պատերազմի ընթացքում մեր զինվորներին վիրահատած բժիշկներն առաջարկել են մեր բժիշկների վերապատրաստումը կազմակերպել Ֆրանսիայի առաջատար կլինիկաներում, սակայն ինչքան էլ մեծ է ցանկությունը, բայց մենք լեզվի խոչընդոտ ունենք։ Դումանյանն ասաց, որ ինքը հենց այդ կոնֆերանսի ժամանակ առաջարկել է Բժշկական համալսարանում ֆրանսերեն սովորել, ինչին համաձայնել է նաեւ բուհի ռեկտորը։

Դումանյանի կարծիքով՝ միայն ռուսերենի չէ, այլ լեզուների պոպուլյարիզացիա է հարկավոր, դա, ըստ նրա, շատ հնարավորություններ է բացում։

Ի պատասխան լրագրողի հարցի՝ նախարարն ասաց, որ այս պահին ոչ Հայաստանում ռուսական դպրոց բացելու, ոչ էլ Ռուսաստանում հայկական դպրոց բացելու քննարկումներ չկան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել