Նոյեմբերից ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30-50 %-ով |hetq.am|
11:43 - 21 հոկտեմբերի, 2021

Նոյեմբերից ատեստավորված ուսուցիչների աշխատավարձը կբարձրանա 30-50 %-ով |hetq.am|

hetq.am: Ուսուցիչների ատեստավորման արդյուքնում նրանց աշխատավարձերը, կախված հավաքած միավորներից, նոյեմբերից կբարձրանա 30-50 %-ով։ Այս մասին Կառավարության հոկտեմբերի 21-ի նիստի մեկնարկին հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ըստ Կառավարության ղեկավարի՝ այս ծրագիրը շրջադարձային նշանակություն պետք է ունենա Հայաստանի հետագա զարգացման գործում։

«Այս փուլում իրականացվում է մի քանի առարկաների ուսուցիչների կամավոր ատեստավորման ծրագիր, խոսքը՝ հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա, պատմություն, ֆիզիկա, քիմիա և կենսաբանություն առարկաների մասին է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Հաջորդ փուլով արդեն իսկ ատեստավորված ուսուցիչների համար կիրականացվի 2-րդ ատեստավորումը՝ ավելի բարձր չափանիշներով։ Ուսուցիչները հնարավորություն կունենան արդեն իսկ բարձրացված աշխատավարձը ատեստավոորման միջոցով կրկին բարձրացնել 30-50 %-ով։

«Եթե կլինեն ուսուցիչներ, որոնք չեն դիմել կամավոր ատեստավորման, ոչ մի պարտադրանք չկա, բնականաբար կառավարության մոտ հարց կառաջանա՝ ինչո՞ւ ուսուցիչը չի օգտվել իր աշխատավարձը կրկնապատկելու, երբեմն նույնիսկ՝ 125 %-ով բարձրացնելու հնարավորությունից։ Սա հարց է, որի պատասխանի վրա պետք է աշխատեն։ Այս իրավիճակի արդյունքում Հայաստանի հանրակրթական համակարգում կունենանք բացառապես բարձր որակավորում ունեցող ուսուցիչներ։ Այն ուսուցիչները, որոնք իրենք կխոստովանեն, որ չունեն համապատասխան որակավորում, այդ ուսուցիչներին կաջակցենք՝ մասնագիտական վերապատրաստում անցնել և փորձել աշխատանք գտնել բոլորովին այլ ոլորտներում, Կառավարությունը չի կարող հանդուրժել ցածր որակավորում ունեցող ուսուցչի ներկայությունը հանրակրթական դպրոցներում»,- հայտնեց վարչապետը։

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն էլ տեղեկացրեց, որ դիմել էին 1372 ուսուցիչներ, որոնցից ատեստավորմանը մասնակցել է 996-ը։ Նրանցից 468-ը կստանա 30-50 % հավելավճար։ Առաջին փուլը չհաղթահարած ուսուցիչները կարող են մասնակցել ատեստավորման հաջորդ փուլին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել