Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր անցկացվել է լիագումար նիստ
18:42 - 19 հոկտեմբերի, 2021

Հայ-ռուսական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր անցկացվել է լիագումար նիստ

Հայ-ռուսական «Նոր իրողությունների պարագայում հայ-ռուսական համագործակցության հեռանկարներ» խորագրով  միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի շրջանակում այսօր անցկացվել է լիագումար նիստ, որին մասնակցել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այլ նախարարներ, մարզպետներ, պաշտոնատար այլ անձինք։

Այս մասին հայտնում է ՏԿԵ նախարարությունը՝ նշելով, որ լիագումար նիստի մասնակիցներին ողջույնի խոսք է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՌԴ փոխվարչապետ  Ալեքսեյ Օվերչուկը, ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովը:

Ֆորումի շրջանակներում ելույթով հանդես է եկել նաև ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ողջույնի խոսքում կարևորել է միջտարածաշրջանային համաժողովների անցկացումը, դրանք համարելով  երկու երկրների միջև դաշնակցային հարաբերությունների շրջանակում համագործակցության կարևոր ինստիտուտներից մեկը:

«Հայ-ռուսական միջտարածաշրջանային համագործակցությունը, որը խարսխված է շուրջ երկու տասնյակ համաձայնագրերի վրա, ունի հիրավի լայն աշխարհագրություն: Այն ներառում է Հայաստանի գրեթե բոլոր մարզերը և Ռուսաստանի Դաշնության ամենատարբեր անկյուններում գտնվող վարչական միավորներ։ Այս կապերի առկայությունը մեր երկու երկրների միջև բացառիկ հարաբերությունների վառ դրսևորումներից է»,- ասված է վարչապետի ուղերձում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր ողջույնի խոսքում նշել է, որ  միջտարածաշրջանային համագործակցությունը շատ նշանակալի դեր է խաղում ռուս-հայկական կապերի զարգացման, տնտեսական, սոցիալական, ենթակառուցվածքային, հումանիտար և շատ այլ ոլորտներում փոխշահավետ նախագծերի իրականացման գործում։

Ռուսաստանն ու Հայաստանն ունեն բոլոր հնարավորությունները՝ կայուն և դինամիկ զարգացման, բազմակողմանի փոխգործակցության համար` ինչպես առևտրային, այնպես էլ տնտեսական և հումանիտար ոլորտներում, ինչպես նաև՝ լայնածավալ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար: Այս մասին է նշել Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն իր ուղերձում:

Նրա խոսքով՝ միջտարածաշրջանային համագործակցությունը մեծ ներդրում ունի այդ գործում:

«Նախապատրաստվել է միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր 2022-2027 թվականների համար: Համոզված եմ, որ Ռուսաստանի տարածաշրջանների հետ Հայաստանի հետագա համագործակցությունն օգուտ կբերի մեր եղբայրական երկրների ժողովուրդներին»,- ասել է նա:

ՌԴ տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն իր խոսքում անդրադառնալով միջտարածաշրջանային համագործակցությանը` նշել է, որ Հայաստանի և Ռուսաստանի միջեւ կա համագործակցության 19 պայմանագիր, ինչը ամուր հիմք է փոխգործակցության կառուցման համար: Ըստ Ռեշետնիկովի՝ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարարությունը և  Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը պատրաստում են միջտարածաշրջանային համագործակցության ծրագիր առաջիկա երեք տարիների համար։

Լիագումար նիստին ելույթով է հանդես եկել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ ՏԿԵ նախարարը ողջունել է համաժողովի  մասնակիցներին և նշել, որ ներկա պայմաններում մեծ ձեռբերում է այսպիսի լայնածավալ համաժողովի կազմակերպումը ոչ առցանց հարթակում, ինչը նաև այստեղ ներկա մարդկանց առավել սերտ կապեր հաստատելու, նոր գործընկերներ ձեռք բերելու և միջտարածաշրջանային հորիզոնական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ մեծ ձգտման արձանագրումն է։

«Տարածքների համաչափ զարգացումն ու ապակենտրոնացված միջտարածաշրջանային համագործակցության զարգացումն առաջնահերթ խնդիրներ են ՀՀ կառավարության համար: Միջտարածաշրջանային հորիզոնական շփումները մարզերի համար տնտեսական աճի, գիտակրթական և մշակութային կյանքի զարգացման հիանալի հնարավորություն են ստեղծում, ինչպես նաև ամրապնդում մեր երկրների բարեկամական հարաբերությունները։ Եթե կարողանանք օգտվել միջտարածաշրջանային ապակենտրոնացված համագործակցության ողջ ներուժից, ապա մեզ կհաջողվի նոր որակ հաղորդել մեր մարզերի բնակիչների կյանքին»,-նշել է նախարարը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել