Տոնոյանի փաստաբանները կպահանջեն մասնակից լինել ԶՈՒ-ի համար մատակարարված զենքի որակի փորձաքննությանը
13:07 - 19 հոկտեմբերի, 2021

Տոնոյանի փաստաբանները կպահանջեն մասնակից լինել ԶՈՒ-ի համար մատակարարված զենքի որակի փորձաքննությանը

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը ցանկանում է մասնակից դառնալ ՀՀ զինված ուժերի համար մատակարարված զենք-զինամթերքի որակական հատկանիշների բուն փորձաքննության կատարմանը։ Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբն այս մասին հաղորդագրություն է տարածել.

Հաղորդագրության մեջ նշվում է, որ փաստաբանական խումբը բոլորովին վերջերս է տեղեկացել, որ 2021թ. հուլիսին նշանակված փորձաքննությունն անկատար է թողնվել: «Փորձաքննության անկատար թողնելն էլ ավելի է խորացնում փաստաբանական խմբի մտահոգությունները առ այն, որ քննությունը կրում է խիստ սուբյեկտիվ բնույթ եւ ԱԱԾ-ն խուսափում է դրա իրականացումից, քանի որ արդեն գիտակցում է, որ հայտնվել է փակուղում»,- ասված է հաղորդագրության մեջ։

Տոնոյանի փաստաբանական խումբը պնդում է, որ անկատար փորձաքննության պայմաններում Դավիթ Տոնոյանին մեղադրանքների ներկայացումը եւ նրա կալանավորումը բացարձակապես հիմնազուրկ են:

«Պաշտպանության կողմը իրավունք ունի ծանոթանալ նշանակված նոր փորձաքննության որոշմանը եւ դրա վերաբերյալ անել միջնորդություններ, որոնցից մեկով պահանջելու ենք մեզ մասնակից դարձնել բուն փորձաքննության կատարմանը: Ինչպես արդեն հայտարարել ենք, պարոն Տոնոյանը վստահ է, որ հատուկ մասնագիտական փորձաքննության արդյունքները փաստարկված եւ անաչառ պատասխաններ կտան ՀՀ զինված ուժերի համար «անորակ» եւ «տեխնիկական նորմերին չհամապատասխանող» զենք-զինամթերքի մասին պնդումներին»,- նշված է հաղորդագրության մեջ:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել