«Իսլամական պետությունը» ստանձնել է Ղանդահարի շիա մզկիթի ահաբեկչության պատասխանատվությունը |hetq.am|
17:54 - 16 հոկտեմբերի, 2021

«Իսլամական պետությունը» ստանձնել է Ղանդահարի շիա մզկիթի ահաբեկչության պատասխանատվությունը |hetq.am|

hetq.am: «Խորասանում Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, որը գործում է Աֆղանստանում և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեղական կառույցն է, իր վրա է վերցրել հոկտեմբերի 15-ին Աֆղանստանի Ղանդահար քաղաքի շիա մզկիթում ուրբաթօրյա աղոթքի ժամանակ տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը։ Այդ մասին հայտնում է Ազատություն ռադիոկայանի տաջիկական ծառայությունը։   

Ջիհադիստական կազմակերպությունը հայտարարել է, որ մահապարտ երկու ահաբեկիչները առանձին հարձակում են իրականացրել մզկիթի տարբեր հատվածների ուղղությամբ, որտեղ հավատացյալներն աղոթում էին: «Խորասանում Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրանց տելեգրամյան ալիքում, նշվում է, որ առաջին ահաբեկիչը մզկիթի միջանցքում գործի է դրել պայթուցիկ սարքավորումը, իսկ երկրորդը իր մահապարտի բաճկոնը պայթեցրել է մզկիթի կենտրոնում։ 

Հիշեցնենք, որ ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Աֆղանստանի Ղանդահար քաղաքի շիա մզկիթում պայթյուն էր տեղի ունեցել։ Զոհվել էր առնվազն 62 մարդ, ևս 68-ն ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ղանդահարի Բիբի Ֆաթիմա շիա մզկիթի վրա հարձակումը դարձել է Աֆղանստանում ամենաարյունալի հարձակումը՝ օգոստոսի վերջին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։

Նախորդ շաբաթ Կունդուզի շիա մզկիթում համանման պայթյունի արդյունքում զոհվել էր 50 մարդ։ Այդ ահաբեկչությունը ևս իր վրա էր վերցրել «Խորասանում Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել