Պայթյուն Ղանդահարի շիա մզկիթում. զոհվել է առնվազն 62 մարդ |hetq.am|
23:18 - 15 հոկտեմբերի, 2021

Պայթյուն Ղանդահարի շիա մզկիթում. զոհվել է առնվազն 62 մարդ |hetq.am|

hetq.am: Ուրբաթօրյա աղոթքի ժամանակ Աֆղանստանի Ղանդահար քաղաքի շիա մզկիթում պայթյուն է տեղի ունեցել։ Զոհվել է առնվազն 62 մարդ, ևս 68-ն ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Այդ մասին հայտնում է BBC-ն։ Ղանդահարի Բիբի Ֆաթիմա շիա մզկիթի վրա հարձակումը դարձել է Աֆղանստանում ամենաարյունալի հարձակումը՝ օգոստոսի վերջին Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերումից հետո։ 

Նախորդ շաբաթ Կունդուզի շիա մզկիթում համանման պայթյունի արդյունքում զոհվել էր 50 մարդ։ Բացառված չէ, որ այս անգամ ևս պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ AFP-ին ականատեսներից մեկը հայտնել է, որ երեք պայթյուն է լսել։ Ըստ նրա՝ մեկը տեղի է ունեցել Բիբի Ֆաթիմա մզկիթի դարպասների մոտ, մյուսը՝ հարավային հատվածում, իսկ երրորդը՝ մզկիթի տարածքի այն հատվածում, որտեղ հավատացյալները լվանում են իրենց ձեռքերն ու ոտքերը։

Ինչպես Ղանդահարից հայտնել է AFP-ի թղթակիցը, պայթյունի պահին մզկիթը բազմամարդ է եղել։ Շտապ օգնության առնվազն 15 մեքենա է ժամանել դեպքի վայր։ Սոցիալական ցանցերում տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, որ մզկիթի հատակին զոհվածների մարմիններ կան։ 

«Թալիբան» շարժման ներկայացուցիչները ևս ժամանել են դեպքի վայր։ Նրանք բժիշկների հետ միասին տեղացիներին կոչ են անում արյուն հանձնել տուժածների համար։ Թալիբների ներկայացուցիչ Կարի Սայիդ Հոսթին հայտարարել է, որ ներկայումս ուսումնասիրվում են դեպքի հանգամանքները և մզկիթի վրա հարձակման մանրամասները։ 

Կունդուզ քաղաքի շիա մզկիթի վրա հարձակումը, որը տեղի է ունեցել նախորդ ուրբաթ օրը՝ հոկտեմբերի 8-ին, իր վրա էր վերցվել «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության տեղական խմբավորումը։ Սուննի ծայրահեղականները շիաներին հերետիկոսներ են անվանում։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել