Առանց հիվանդին հետազոտելու չի կարելի ասել՝ քեզ մոտ չարորակ նորագոյացություն կա, քեզ չի կարելի պատվաստել․ Վահե Տեր-Մինասյան
12:40 - 15 հոկտեմբերի, 2021

Առանց հիվանդին հետազոտելու չի կարելի ասել՝ քեզ մոտ չարորակ նորագոյացություն կա, քեզ չի կարելի պատվաստել․ Վահե Տեր-Մինասյան

Այսօր՝ «Մեդիա կենտրոնում» կայացած մամուլի ասուլիսի ընթացքում, ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը քաղցկեղային հիվանություն ունեցող մարդկանց վրա, ասաց, որ ցանկացած խրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտի օրգանիզմը արդեն իսկ թուլացած է․ «Քովիդով վարակվելու պարագայում խրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտի հոսպիտալացվելու և անգամ մահանալու շանսերը շատ ավելի բարձր են, քան առողջ օրգանիզմում է»։

Մինասյանի խոսքով՝ կորոնավիրուսի վերաբերյալ միֆերի տարածվածության պայմաններում պետք է հստակ հասկանալ հնարավոր շահերը և կորուստները, դրանից հետո, նրա խոսքով, մնում են տեխնիկական հարցերը․ «Երբ դնում ես կշեռքի վրա նժարի վրա, ապա ստանում ենք խիստ անհավասար պայմաններ, որովհետև միանշանակ խելացի մարդը պետք է հասկանա, որ պետք է պատվաստվի և վերջ։ Դրանից հետո գալիս են տեխնիկական հարցեր։ Օրինակ, եթե քաղցկեղային հիվանդին տանում ես վիրահատության, առնվազն ինչքան ժամանակ առաջ նա պիտի պատվաստվի և այլն»։

Անդրադառնալով կարծիքներին, ըստ որոնց քաղցկեղով հիվանդ մարդկանց խորհուրդ չի տրվում պատվաստվել, նա ասաց, որ հնարավոր է՝ պացիենտը ինչ-որ պահի պատվաստվելու հակացուցում ունենա, ինչը պետք է քննարկի բժշկի հետ․ «Ոչ թե ինչ-որ մեկը ձեզ զանգահարի ասի, գիտեք, ես ունեմ որևէ օրգանի քաղցկեղ, ինձ կարելի է՞ պատվաստել, թե ոչ, առանց անալիզները նայելու, առանց հիվանդին հետազոտելու, միանգամից ասես ՝ չէ, քեզ մոտ չարորակ նորագոյացություն է, քեզ չի կարելի պատվաստել։ Կոնկրետ դեպքերում եթե մարդը ունի ինչ-որ լուրջ հիվանդություն, պետք է քննարկել և հասկանալ՝ կարե՞լի է, թե՞ չի կարելի»։

 

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի ֆեսյբուքյան էջից

 



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել