Ոստիկանական ստորաբաժանումները առանց իրավական հիմք ներկայացնելու խաղաղ հավաքի մասնակիցներից պահանջել են հեռանալ հրապարակից՝ հակառակ դեպքում սպառնալով դիմել ուժային միջոցների․ ԱԺԲ
17:39 - 14 հոկտեմբերի, 2021

Ոստիկանական ստորաբաժանումները առանց իրավական հիմք ներկայացնելու խաղաղ հավաքի մասնակիցներից պահանջել են հեռանալ հրապարակից՝ հակառակ դեպքում սպառնալով դիմել ուժային միջոցների․ ԱԺԲ

Ազգային-ժողովրդավարական բեւեռի խորհուրդ հայտարարությոսւն է տարածել, որում ասվում է․

«Հայաստանի Հանրապետության 
Նախագահ պարոն Արմեն Սարգսյանին

Հայաստանի Հանրապետության
Մարդու իրավունքների պաշտպան
պարոն Արման Թաթոյանին

Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների 
Արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսիին

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ եւ լիազոր դեսպան տիկին Անն Լույոյին

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, Եվրոպական Միության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինին

Հայաստանի Հանրապետությունում Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ղեկավար տիկին Մարտինա Շմիդտին

Հայաստանի Հանրապետությունում Միավորված Ազգերի Կազմակերպության 
ներկայացուցչություն,  ՄԱԿ-ի մշտական համակարգող պարոն Շոմբի Շարփին

Հայաստանի Հանրապետությունում գործող միջազգային եւ հայաստանյան իրավապաշտպան կազմակերպություններին

Հարգելի տիկնայք եւ պարոնայք

Իրեն ժողովրդավարական հռչակած Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունը հետեւողականորեն հաստատում է ոստիկանական բռնապետություն։
Երեկ` 2021 թ. հոկտեմբերի 13-ին, երեկոյան ժամը 20:00-ից հետո, ոստիկանական մեծաքանակ ուժեղացված ստորաբաժանումները ժամանել են Երեւանի Ազատության հրապարակ եւ առանց որեւէ իրավական հիմք ներկայացնելու այնտեղ խաղաղ հավաք անցկացնելու նպատակով գտնվող Ազգային-ժողովրդավարական բեւեռ ազգային-քաղաքական նախաձեռնության մի խումբ մասնակիցներից պահանջել են հեռանալ հրապարակից, հակառակ դեպքում սպառնալով դիմել ուժային միջոցների։ 

Տեղեկացնում ենք, որ հավաքը եղել է իրազեկված եւ շուրջօրյա` 24 ժամ ժամանակահատվածով (հավաքի կազմակերպիչ եւ ղեկավար է եղել ՀՀ քաղաքացի Արմեն Լուսինյանը)։ 

Հավաքի մասնակիցները բախումից խուսափելու նպատակով ժամը 23-ի սահմաններում հեռացել են հրապարակից։ 

Տեղեկացնում ենք նաեւ, որ նույն ռեժիմով իրազեկված հավաքներ են անցկացվելու նաեւ այսօր եւ առաջիկա օրերին, մինչդեռ իշխանության կողմից բռնության սպառնալիքով զուգորդվող ոստիկանական ապօրինի հավանական միջամտությունը էական խոչընդոտ է դրանց մասնակցող քաղաքացիների հավաքների ազատության եւ դրանով իրացվող այլ քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների համար։ 

Խնդրում ենք միջոցներ ձեռնարկել Հայաստանի Հանրապետության իշխանության կողմից Ազգային-ժողովրդավարական բեւեռի  խաղաղ եւ ժողովրդավարական գործունեության դեմ ակնհայտորեն ծրագրվող ոստիկանական ապօրինի բռնություն թույլ չտալու համար։ 
Կից ներկայացնում ենք հոկտեմբերի 13-ի հավաքի խոչընդոտման վերաբերյալ տեսանյութի հղումը»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել