Կառավարության որոշմամբ հին նմուշի անձնագրերի ժամկետը կերկարաձգվի
12:19 - 14 հոկտեմբերի, 2021

Կառավարության որոշմամբ հին նմուշի անձնագրերի ժամկետը կերկարաձգվի

Այսօր կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով  հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին:

Որոշման հիմնավորման մեջ ասվում է, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման և միևնույն ոլորտը կարգավորող իրավական ակտերի միջև առկա անհամապատասխանությունները վերացնելու անհրաժեշտությամբ:

2017թ-ի հունվարի 1-ին ավարտվել է ՀՀ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի համակարգը սպասարկող և բլանկներ մատակարարող Լեհական PWPW ընկերության հետ կնքված պայմանագրի ժամկետը: Այդ առնչությամբ, որոշվել է հին նմուշի անձնագրերի տրամադրման ժամկետը կրկին երկարաձգել՝ 2022թ. հունվարի 1-ի փոխարեն սահմանելով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը:

Նախագծով առաջարկվում է նաև բուժհաստատություններում գտնվող անգիտակից կամ հիշողությունը, կամ շարժելու ունակությունը ժամականավորապես կորցրած անձանց համար սահմանել անձնագիր (նույնականացման քարտ) ստանալու հնարավորություն` մերձավոր ազգականների (մասնավորապես հայր, մայր, ամուսին, զավակ, քույր, եղբայր, տատ, պապ)դիմումի կամ բժշկական հաստատության ղեկավարի գրության հիման վրա՝ համապատասխան հիմնավոր փաստաթղթերի առկայության պայմաններում։

Կառավարության ներկայացրած նախագծի համաձայն՝ առաջարկվող մյուս փոփոխությունը պայմանավորված է պրակտիկայում առկա այն խնդրով, որ ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումը առաջացնում է խնդիրներ այն դեպքերում, երբ քաղաքացու ծննդյան վայրը Հայաստանի Հանրապետության կողմից չճանաչված պետություն է կամ միջազգայնորեն վիճարկելի տարածք։ 

Նշվում է նաև, որ հարցը քննարկվել է արտաքին գործերի նախարարության հետ, որտեղից ստացվել է միջազգային փորձի վերաբերյալ ուսումնասիրություն առ այն, որ աշխարհի զարգացած երկրների ճնշող մեծամասնությունն իր քաղաքացիներին տրամադրվող անձնագրերում որպես ծննդյան վայր նշվում է ոչ թե պետությունը, որտեղ ծնվել է տվյալ անձը, այլ ծնվելու քաղաքը, ավանը կամ շրջանը, որոշ երկրներ՝ նաև պետությունը:

Առաջարկվել է ՀՀ օրենսդրության մեջ ևս կատարել համապատասխան փոփոխություններ` քաղաքացուն հնարավորություն ընձեռելով իր ցանկությամբ որպես ծննդավայր նշել այն տարածքը, որտեղ ծնվել է:

Կառավարության ներկայացրած նախագծի համաձայն՝ ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև նրանց 19 տարին լրանալը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել