Զանգվածային արտաքսումների դեպքեր չկան․ Միգրացիոն ծառայության պետը՝ ՌԴ-ում հայ ապօրինի միգրանտների վերաբերյալ
11:29 - 14 հոկտեմբերի, 2021

Զանգվածային արտաքսումների դեպքեր չկան․ Միգրացիոն ծառայության պետը՝ ՌԴ-ում հայ ապօրինի միգրանտների վերաբերյալ

ՌԴ-ում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել նոր կարգավորումները, ըստ որոնց՝ այն օտարերկրացիները, որոնք մինչ հոկտեմբերի 1-ը չեն օրինականացրել երկրում գտնվելը, ենթակա են արտաքսման։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը հայտնում է, որ ըստ ՌԴ Ներքին գործերի նախարարության՝ 2021թ․ մարտի տվյալների՝ ՌԴ տարածքում կա շուրջ 1,6 միլիոն մարդ, որոնք հայտնվել են անօրինական միգրանտի կարգավիճակում։ Նրանց թվում ՀՀ քաղաքացիների թիվը նշվում էր շուրջ 60 հազար։

«Երբ կորոնավիրուսի համավարակը սկսվեց, մարդիկ դարձան անօրինական միգրանտ՝ իրենց կամքից անկախ, որովհետեւ ճամփորդական հստակ սահմանափակումներ մտցրին բազմաթիվ երկրներ, եւ մարդիկ հնարավորություն չունեին դուրս գալ եւ ներս մտնել ու օրինականացնել իրենց կարգավիճակը։ Այս պարագայում բազմաթիվ երկրներ, այդ թվում նաեւ ՌԴ-ն, կազմակերպեցին միգրացիոն որոշակի կարգավորումներ, որոնք թույլ էին տալիս անձանց անօրինական կարգավիճակով գտնվել երկրի տարածքում մինչ համավարակի բարձր ցուցանիշների նվազումը»,- Հանրային ՀԸ-ին տված հարցազրույցի ժամանակ հայտնեց Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը։

Նրա խոսքով՝ ՌԴ-ում առաջին անգամ հայտարարվեց, որ որոշումը ուժի մեջ կմտնի 2021թ․ մարտին։ Այնուհետեւ որոշման ուժի մեջ մտնելը մի քանի երկարաձգվեց եւ տեղափոխվեց մինչեւ սեպտեմբերի 30, եւ հոկտեմբերի 1-ից արդեն ուժի մեջ մտավ։ Դրա էությունն այն է, որ մինչ այդ ժամկետը բոլոր անձինք՝ այդ 1,6 միլիոն մարդիկ, պետք է օրինականացնեին իրենց կարգավիճակը ՌԴ-ում կամ լքեին երկիրը։

«Օրինականացումը ենթադրում է կա՛մ ձեռք բերել կացության կարգավիճակ՝ ժամանակավոր կամ մշտական, կա՛մ լքել երկիրը։ Այս մասով մենք կարող էինք իրականացնել զուտ իրազեկման գործառույթներ, որոնք լայնորեն իրագործվել են»,- մանրամասնեց Ղազարյանը։

Հարցին, թե արդյո՞ք զանգվածային արտաքսումներ արդեն իսկ սկսվել են, թե ոչ, նա ասաց, որ այս երկու շաբաթվա ընթացքում զանգվածային արտաքսումների դեպքերի ականատես չեն լինում․ «Արտաքսումների առանձին դեպքեր եղել են նաեւ այս գործընթացից առաջ։ 14 օրվա արտաքսվածների թիվ չեմ կարող նշել, անշուշտ կան մարդիկ, բայց զանգվածային դեպքեր չկան, ստանդարտից դուրս որեւէ բան առ այս պահը տեղի չի ունեցել»։

Անդրադառնալով նաեւ օրինական դաշտ մտնելու ֆինանսական կամ այլ խնդիրներին՝ Միգրացիոն ծառայության պետն ընդգծեց, որ օրինական դաշտ գալը շատ մեծ գումարների հետ կապված չէ․ «Իսկ զանգվածային արտաքսումներ կազմակերպելը բավականին ծախսատար է՝ հաշվի առնելով, որ արտաքսման ծախսերը հոգում է արտաքսող երկիրը․ դա ընդունված է բոլոր միգրացիոն կարգավորումներով ամբողջ աշխարհում»։

Խոսելով ժամկետների մասին՝ Արմեն Ղազարյանն ասաց, որ դա կախված է վարչական իրավախախտման ծանրությունից․ «ՌԴ-ում հիմնականում մուտքի արգելքները մտցվում են 3-5 տարի ժամկետով՝ կախված, թե ինչ ծանրության վարչական իրավախախտում է կատարել քաղաքացին։ Եթե հանցագործությունների կամ ծանր հանցագործությունների մասին ենք խոսում, ՌԴ-ն ունի նաեւ իրավական կարգավորումներ, երբ կարող է ամբողջ կյանքի ընթացքում արգելել տվյալ անձի մուտքը իր երկիր»։

Ղազարյանի խոսքով՝ միգրացիոն կարգավորումների խստացումներ ներկայումս գնում են ամբողջ աշխարհում,դրա համար ծառայությունը խրախուսում է քաղաքացիների վերադարձը։

«Օրինակ՝ հարկադիր վերադարձի պարագայում մենք ընդունել ենք նաեւ պետական ծրագիր, որով եթե քաղաքացին հարկադիր վերադառնում է, եւ Հայաստանում չունի, օրինակ, բնակության վայր, կարող է դիմել Միգրացիոն ծառայություն եւ առժամանակ ստանալ բնակարանի վարձի սուբսիդիա, մինչ կարողանա իր հարցերը որոշակիորեն կարգավորել։ Միջազգային գործընկերների հետ լայնորեն ներգրավված ենք համագործակցության մեջ, որ վերադարձող քաղաքացիների աջակցման ծրագրեր մշակվեն եւ ներդրվեն»,- նշեց նա։

Արմեն Ղազարյանը հայտնեց, որ վերջին շրջանում բավական մեծ ծրագիր է ներդրվել Եվրամիության հետ համագործակցությամբ, որը կոչվում է «EU for Impact»․ այն իրագործվում է Միգրացիայի քաղաքականության զարգացման միջազգային կենտրոնի կողմից եւ ենթադրում է համաֆինանսավորմամբ բիզնեսի հիմնում՝ եվրոպական կողմի ֆինանսավորմամբ եւ միգրանտի՝ նույն չափով ֆինանսավորմամբ․ «Սա վերաբերում է վերադարձող միգրանտներին՝ կապ չունի որտեղից, ինչպես նաեւ աշխատանքային միգրանտներին, միգրանտների ընտանիքի անդամներին։ Եթե ընտանիքի անդամը ՀՀ-ում է եւ կարող է ապացուցել, որ իր ընտանիքի մյուս անդամը աշխատանքային միգրանտ է, կարող է դիմել ծրագրին, եւ դա հավելյալ խրախուսիչ գործոն է, որ միգրանտը վերադառնա հայրենիք»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել