Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|
11:25 - 14 հոկտեմբերի, 2021

Մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր հանգույց դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի կառավարությունը ինտենսիվ աշխատում է Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված խնդիրները լուծելու ուղղությամբ:  Իրանական Tasnim գործակալությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:

«Իսկապես որոշակի խնդիրներ են առաջացել Հայաստան-Իրան ճանապարհային կապի հետ կապված, բայց Հայաստանի կառավարությունն ինտենսիվ աշխատում է առաջին այլընտրանքային ճանապարհը պատրաստ ունենալ մինչև տարվա վերջ: Կարելի է ասել՝ սա ընդհանուր առմամբ կարճաժամկետ խնդիր է: Բայց մի ավելի կարևոր ծրագիր կա: Սեպտեմբերի վերջին Հայաստանի կառավարությունը հաստատել է Հյուսիս-հարավի՝ Սիսիանից մինչև Իրանի սահման ճանապարհի ծրագիրը: Այս ծրագիրը 1 մլրդ դոլարից ավել արժե և ամբողջովին փոխելու է տարածաշրջանի ենթակառուցվածքները: Այս ծրագիրն իրականացնելուց մենք նաև մեր մտքում ունենք Չաբահարի նավահանգիստը Սև ծովին կապելու կարևոր ենթակառուցվածքային հանգույց դառնալու միտքը: Այս առումով կարող ենք ասել, որ ծրագիրը մեծ հնարավորություն է տալու, որպեսզի Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մեծացնենք»,- ասել է Գրիգորյանը: 

Նրա խոսքով՝ եթե առայժմ հարյուրավոր միլիոնների դոլար է Հայաստանի և Իրանի առևտրային շրջանառությունը, ապա ՀՀ-ում կարծում են, որ այն շատ շուտով պետք է հատի միլիարդ դոլարի սահմանը: Գրիգորյանի գնահատմամբ՝ սա նաև հնարավորություն կտա ապագայում մի քանի միլիարդի հասցնել ապրանքաշրջանառությունը: Կարճ կարող ենք ասել, որ Հայաստանն ու Իրանն այժմ ունեն երկկողմ հարաբերությունների դրական օրակարգի լայն շրջանակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել