Գյումրեցիները լավ են հասկանում, որ այս ընտրությունների դեպքում չկա հնի ու նորի խնդիր, կա միայն քաղաքը ճիշտ կառավարելու խնդիր․ Կարապետ Պողոսյան
14:47 - 13 հոկտեմբերի, 2021

Գյումրեցիները լավ են հասկանում, որ այս ընտրությունների դեպքում չկա հնի ու նորի խնդիր, կա միայն քաղաքը ճիշտ կառավարելու խնդիր․ Կարապետ Պողոսյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև «Թասիբով» դաշինքը, որը կազմված է Հրանտ Բագրատյանի գլխավորած «Ազատություն» և Սարգիս Ավետիսյանի գլխավորած «Համերաշխություն» կուսակցություններից։

«Թասիբով» դաշինքը ներկայացրել է 22 հոգանոց նախընտրական ցուցակ, որը գլխավորում է «ՄԻՀԿ» ՀԿ-ի իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը։ 

Պողոսյանի խոսքով՝ քարոզարշավն ընթանում է բավականին պասիվ, չկա բանավեճ, չկա հստակ ծրագրերի ներկայացում․ «Նույնիսկ մեր հրապարակային տված հարցերին չեն պատասխանում, կամ պատասխանում են շատ վատ։ Այսօր գյումրեցիների համար այնպիսի իրավիճակ է, որ իրենք չկարողանան թացը չորից տարբերել։ Այս ամենը պայմանավորված է իշխանության որդեգրած քաղաքականությամբ, որ գյումրեցիները ընտրություններից պետք է ունենան հնարավորինս քիչ ակնկալիքներ։ Հետևաբար, քաղաքական դաշտում մեր հայտնվելը՝ որպես ՏԻՄ ընտրությունների մասնակից, խառնեց իշխանության բոլոր ծրագրերը։ Ի դեմս մեզ՝ հայտնվեցին մարդիկ, ովքեր կռվող են, պայքարող են և ովքեր միանշանակ թույլ չեն տալու, որ Գյումրին իշխանությունների համար երկրորդ պլան մղվի»։

Արմատական ընդդիմություն ներկայացող դաշինքի առաջին համարն ընդգծում է, ՔՊ-ի նախընտրական ցուցակում կան մարդիկ, որոնք կապ ունեն քրեական հեղինակությունների հետ, թեև այսօր այդ երևույթը, նրա խոսքով, այդքան էլ ազդեցիկ չէ․ «Կան մարդիկ, ովքեր նախկին հանրապետականներ են եղել, այսպես ասած Հանրապետականի տասովշիկներ են եղել, օրինակ Մարտիրոսյան Արտակը, որը այսօր դպրոցի տնօրենի ժ/պ է։ Չեմ ուզում ոչ մեկին վիրավորել, բայց գոյություն ուներ ընտրությունների տասովշիկ արտահայտությունը, իրենք իրենց հույսը դրել են նրանց վրա։ Ամենուրեք բազմահազար նկարներ փակցնելու հույսին են մնացել։ Սա խոսում է նրա մասին, որ իրենք ճանաչված չեն, ընկալելի չեն, և երկորրդ իրենք չեն կարող գաղափարական, քաղաքական բանավեճ վարել, ծրագիր ներկայացնել»։

Անդրադառնալով Գյումրիում առկա խնդիրներին՝ Պողոսյանն ասում է՝ դրանք բազմազան են։

Քաղաքապետի թեկնածուն պատմում է, որ նախատեսում են քաղաքապետարանի ներսում ռեսուրսային կենտրոն ստեղծել․ «Գյումրուն պետք է շատ մեծ հոգատարություն։ Այդ հոգատարությունը արտահայտելու համար ստեղծելու ենք ռեսուրսային կենտրոն քաղաքապետարանի ներսում, որը պետք է հավաքագրի Գյումրիի և՛ ներսում, և՛ դրսում գտնվող բոլոր ռեսուրսները և կարողանա մարդկանց համախմբելով միավորել բիզնես միջավայրը»։

Նա նաև հավելում է, որ Գյումրում չի կանոնակարգվում երթևեկությունը։ Պողոսյանը կարևորում է դպրոցական ավտոբուսների առկայությունը, որպեսզի երեխաները կարողանան անվտանգ դպրոց գնալ։ Մեր զրուցակցի խոսքով՝ ընտրվելու պարագայում փորձելու են լուծել հարցը՝ մյուս պետական մարմինների հետ համագործակցելով։

Կարապետ Պողոսյանը Գյումրու տնակների խնդիրն է առանձնացնում՝ նշելով, որ առաջարկելու են այնպիսի լուծումներ, որոնք կբխեն պետության շահերից․ «Բնակարանաշինության մասով բավականաչափ լավ ուսումնասիրել ենք տնակային թաղամասերը․ յուրաքանչյուր դեպքում պետք է ցուցաբերել անհատական մոտեցում, որպեսզի կարողանանք այդ մարդկանց խնդիրները ճիշտ լուծել և ամենակարևորը՝ լուծել նաև պետության շահերից ելնելով։ Այստեղ խնդիրները կապված են նրա հետ, որ մարդիկ բնակարան են ստացել, չեն տեղափոխվել բնակարան կամ մի մասը տեղափոխվել է, մյուս մասը մնացել է տնակում»։

Նա հավելում է, որ ներդրողների համար առանձին փաթեթներ են նախատեսել, որով քաղաքապետարանը իր վրա է վերցնելու պետական վարչարարության մեծ մասը՝ քաղաքացու ու ներդրողին պետական քաշքշուկներից հնարավորինս հեռու պահելու համար։

Պողոսյանը կարևորում է նաև Գյումրին որպես մշակութային կենտրոն պահելն ու զարգացնելը․ «Մենք պետք է հասնենք այնպիսի իրավիճակի, որ ցանկացած մարդ, որը կայցելի Գյումրի, հնարավորինս շատ հայկականություն իր հետ տանի։ Այստեղ տարատեսակ միջոցառումների շարք ունենք, որոնք շատ փոքր գումարով կարելի է իրականացնել և ստանալ բավականին մեծ էֆֆեկտներ»։

Պողոսյանի խոսքով՝ գյումրեցիները լավ են հասկանում, որ այս ընտրությունների պարագայում չկա հնի ու նորի խնդիր, կա միայն քաղաքը ճիշտ կառավարելու խնդիր․ «Սա ՏԻՄ ընտրություն է, վարչապետ չեն ընտրում, ԱԺ չեն ընտրում։ Գյումրեցիները ուզում են առաջին հերթին ընտրել գյումրեցի քաղաքապետ։ Գյումրին հասկացող, Գյումրին իմացող, Գյումրու հետ մեծացած, Գյումրու դարդ ու ցավը տեսած մարդ պետք է լինի մեր քաղաքապետը, և միանշանակ պետք է լինեն մարդիկ, ովքեր կարող են պայքարել, կռիվ տալ, անձնազոհաբար ամեն ինչ անել, որ Գյումրին առաջ գնա։ Գյումրեցին շատ լավ հասկանում է, որ այստեղ հնի ու նորի կռիվ չկա, այստեղ Նիկոլի ու ՀՀԿ-ի կռիվ չկա, այստեղ կա ընդամենը քաղաքը կառավարելու, ճիշտ առաջ տանելու խնդիր, և ամենակարևորը այդ ամեն ինչը պետք է լինի թասիբով։ Մենք ստեղծեցինք «Թասիբով» դաշինքը և այնտեղ ներգրավեցինք այնպիսի մարդկանց, ովքեր ի վիճակի են Գյումրու խնդիրները կառավարել և առաջ տանել»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։

Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու արդեն նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։

«Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել