Արսեն Թորոսյանը ընդդիմադիր քաղաքական ուժերին պատվաստումների հարցում համախմբան կոչ է անում
12:01 - 13 հոկտեմբերի, 2021

Արսեն Թորոսյանը ընդդիմադիր քաղաքական ուժերին պատվաստումների հարցում համախմբան կոչ է անում

Ինձ համար շատ ցավալի է, որ ներքաղաքական պայքարի օրակարգ է դառնում մի բան, որը մարդկանց կյանք է արժենալու, և դժբախտաբար մենք դա տեսել ենք ոչ միայն պատվաստումների մասով, այլև անցյալ տարի Covid-ի դեմ այլ միջոցների՝ դիմակների, սոցիալական հեռավորության և այլնի մասով։ Այս մասին Հանրային ՀԸ-ի «Հարցազրույց» հաղորդման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայումս ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

«Մի շարք ընդդիմադիր գործընկերներ, որոնք էս պահին ԱԺ-ում չեն, չգիտեմ՝ ինչքանով էր կապված իրենց վարքագծի հետ, կասկածի տակ էին դնում դիմակների էֆեկտիվությունը, որպես բոյկոտի տեսակ։ Հետո բայց նաև բողոքում էին, թե դիմակ չկա, դիմակը թանկ է և այլն, որտեղ է գրված՝ սա աշխատում է, թե ոչ։ Հիմա այլ մարդիկ են առնվազն ԱԺ-ում կասկածի տակ դնում (արտախորհրդարանականների մասով էլ առանձին կարող եմ ասել), բայց օրալարգը նույնն է․ շարունակում են սերմանել կասկած սովորական քաղաքացիների շրջանում էֆեկտիվ և անվտանգ պրոցեդուրայի նկատմամբ, որն իրեն ապագայում փրկելու է»,- նշել է Թորոսյանը՝ հավելելով, թե հիմա դա ինչ է, եթե ոչ այդ մարդուն մահվան դատապարտել։

Պատգամավորն ընդգծել է, որ մեր քաղաքական ուժերը պետք է այնքան պատասխանատվություն ունենան, որ գոնե սա չշահարկեն, որովհետև դա արժենալու է կյանք «նրա մտերիմին, նրա ընտրողին»։

Նա նշել է, որ դժբախտաբար արատավոր օղակներ են տեսնում, որ ընդդիմությունը նույն վարքագիծն է դրսևորում։

«Ես, առիթն օգտագործելով, կոչ եմ անում մեր բոլոր ընդդիմադիր խորհրդարանական, արտախորհրդարանական գործընկերներին առնվազն էս հարցի շուրջ համախմբում, որովհետև ավելի կարևոր բան չկա, քան ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը, եթե չէ, ապա թող հայտարարեն։ Կամ ես եմ հայտարարում․ եթե իրենք չեն էդպես չեն անում, ուրեմն՝ իրենց համար ՀՀ քաղաքացու կյանքը արժեք չունի։ Իրենց ամեն անպատասխանատու հայտարարություն, անխուսափելիորեն մահվան է բերում», հայտարարել է Թորոսյանը։

Անդրադառնալով ընդդիմադիր խմբակցություննրի՝ նախարարի հրամանի հարցով ՍԴ դիմելուն՝ պատգամավորն ասել է, որ կառավարության կամ նախարարի որոշումների կամ նախարարի հրամանների էֆեկտիվությունը կասկածի տակ դնելը իրավական ինչ-որ զարտուղի ճանապարհներով փորձ է՝ ցույց տալու, որ մենք (նկատի ունի կառավարությունը) մարդու իրավունք ենք խախտում՝ մոռանալով, որ մարդու ամենակարևոր իրավունքը կյանքի ու առողջության իրավունքն է։

Նշենք, որ «Հայաստան» խմբակցությունը մուտքագրել է Սահմանադրական դատարանին հասցեագրված դիմում՝ վիճարկելով առողջապահության նախարարի 2021 թվականի օգոստոսի 20-ի ընդունած և հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող հրամանը, որով պատվաստումը վերածվում է անուղղակի պարտադրանքի, իսկ բոլոր աշխատողների վրա դրվում է անհամաչափ և ոչ իրավաչափ պարտականություն 14 օրը մեկ սեփական միջոցներով ՊՇՌ հետազոտում իրականացնել։

​​«Ակնհայտ է, որ այս իշխանությունները հերթական անգամ ֆինանսական բեռը թողնում են հանրության վրա, այն պարագայում, որ միջազգային փորձում տարածված էր այն մոտեցումը, որ հետազոտման ծախսերը հոգում է հենց կառավարությունը:  Դիմումի հետ միաժամանակ ներկայացվել է միջնորդություն կասեցնել հրամանի գործողությունը մինչև գործի դատաքննության ավարտը», - ասվում է դաշինքի տարածած հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել