Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում հիմնական շեշտը դրված է ծանոթ-բարեկամի, թաղային հեղինակությունների և նախկին այլ արատավոր երևույթների վրա․ Վարդան Սրտաշյան
18:31 - 11 հոկտեմբերի, 2021

Գյումրու ՏԻՄ ընտրությունների քարոզարշավում հիմնական շեշտը դրված է ծանոթ-բարեկամի, թաղային հեղինակությունների և նախկին այլ արատավոր երևույթների վրա․ Վարդան Սրտաշյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։

Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցում է նաև «Գյումրին կռնա՛» դաշինքը․ այն կազմվել է «Ազգային արժեք» ակումբի, «Նժդեհյան Ցեղակրոն», «Հայք» (Հայկազուններ), «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցությունների միջև այս տարվա սեպտեմբերին կնքված հուշագրով։ 

Դաշինքը 20 հոգանոց նախընտրական ցուցակ է ներկայացրել։ Թեեւ ցուցակը գլխավորում է «Ազգային արժեք» ակումբի անդամ, «Արաքս 95» ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Սրտաշյանը, սակայն դաշինքի քաղաքապետի թեկնածուն Շիրակի նախկին փոխմարզպետ Վարդան Գրիգորյանն է։

Նախընտրական ցուցակը գլխավորող Վարդան Սրտաշյանը մեր զրույցում ասաց, որ այս որոշումը պայմանավորված է քաղաքական նոր մշակույթով․ «Մենք որոշել ենք քաղաքական դաշտում անձերի պաշտամունքը թուլացնել ու կարևորությունը չտալ անձերին ու անհատներին։ Ով էլ լինի մեր քաղաքապետի թեկնածուն, ով էլ լինի մեր քաղաքապետը, պահելու է քաղաքական գիծը»։

Սրտաշյանը, անդրադառնալով քարոզարշավին, նշեց, որ այն ընթանում է սպասվածից ավելի պասիվ և նախկինում եղած արատավոր երևույթների ուղեցկությամբ․ «Առայժմ քարոզարշավն ընթանում է սպասվածից ավելի պասիվ, գաղափարական բանավեճեր, կարծես թե, չեն ընթանում։ Հեռուստաեթերը լցված է անբովանդակ, ոչինչ չասող տեսահոլովակներով։ Հիմնական շեշտը դրված է ծանոթ-բարեկամի, վարչական լծակի, թաղային հեղինակությունների և նախկինում օգտագործվող այլ արատավոր երևույթների վրա։ Տեղի է ունենում այն, ինչը տեսել եք մինչև 2018 թվականը՝ Հանրապետականի օրոք։ Եթե նայեք ավագանիների թեկնածուների մյուս ցուցակները, կտեսնեք, որ այնտեղ առանձնապես հանրային դեմքեր չկան, ու առանձնապես իր որակական կազմով աչքի չի ընկնում։ Հենց դա է պատճառը, որ քարոզարշավի հիմնական մեխերը՝ բանավեճեր և այլն, տեղի չեն ունենում, աժիոտաժը շատ թույլ է ու, կարծես, ստվերային աշխատանք է տարվում»,- ասաց Վարդան Սրտաշյանը՝ նշելով, որ հիմնականում «Քաղաքացիական պայմանագիր» ու «Բալասանյան դաշինք» կուսակցություններն են քարոզարշավի ընթացքում օգտագործում նախկին մեթոդները։

Նրա խոսքով՝ ընտրությունների ընթացքում կաշառք բաժանելու երևույթն էլ, կարծես, օրինականացել է․ «Լայն տարածում է ստացել վստահված անձերի միջոցով օրինական կաշառք բաժանելու սկզբունքը, մարդիկ ասում են՝ դուք մեր վստահված անձն եք, վստահված անձ լինելու դիմաց մենք ձեզ կվճարենք իքս գումար, բայց այդ իքս գումարը վճարելու դիմաց ոչ պայմանագիր է կնքվում, ոչ Աշխատանքային օրենսգրքով է երևում, կարելի է որակում տալ նաև որպես վիրտուալ ընտրակաշառք»։

Անդրադառնալով Գյումրիում եղած խնդիրներին՝ մեր զրուցակիցն առանձնացրեց աշխատատեղերի հարցը․ «Միշտ տպավորություն է եղել, որ ՏԻՄ-երը աշխատատեղեր ստեղծելու գործառույթ չպետք է իրականացնեն։ Մենք կոտրել ենք այդ կարծրատիպը։ Ունենք հստակ ծրագիր․ «Ներդրումային շրջանառու Գյումրի» հիմնադրամ ենք հիմնելու, որի միջոցով նախնական կապիտալի կուտակման և այդ կապիտալի միջոցով ստարտափերի, նոր ձեռնարկությունների և այլ բիզնես պրոյեկտների հիմնման միջոցով այդ հիմնադրամը ավելացնելու է իր կապիտալը՝ արդյունքում ստեղծելով աշխատատեղեր։ Սա եզակի հեղափոխական մոտեցում է, որը Գյումրիում իրականացվելու դեպքում կարող է վարակիչ լինել մյուս մարզերի համար։ Մարզերը այդպիսով կկարողանան կտրվել երկրի իշխանություններից ունեցած կախումից։ Բոլորս էլ գիտենք, որ սեփական բյուջեով, սեփական հավաքագրումներով ՏԻՄ-երում սեփական խնդիրները լուծել հնարավոր չէ, բոլորը նայում են երկրի ղեկավարության ձեռքին։ Մեր առաջարկած այս մեթոդով մենք կկարողանանք ՏԻՄ-երին ավելի անկախացնել»։

Վարդան Սրտաշյանն ասաց, որ այդ հիմնադրամի միոջոցով հնարավոր է նաև Գյումրու տնակների հարցը լուծել․ «Տնակների դեպքում հիմնականը այն մարդկանց խնդիրն է, որոնք տունը ստացել են, բայց մնացել են տնակներում։ Այսօր կա կարծիք, որ այդ մարդիկ են մեղավոր, տնակները պետք է քանդել։ Մենք չենք կիսում այդ տեսակետը, լավ օրից չէ, որ մարդիկ գնացել են տնակների մեջ ապրելու։ Մարդ ինչքան անելանելի վիճակում պետք է լինի, որ գնա, տնակներում ապրի։ Այդ մարդիկ ունեն սոցիալական խնդիր, իսկ այդ սոցիալական խնդիրները լուծելու համար մենք առաջարկել ենք ներդրումային շրջանառու հիմնադրամի մեթոդը, որի կուտակված գումարով նաև նախատեսում ենք շինարարություն անցկացնել և սոցիալական բնակարաններ հիմնել, որոնք չեն լինի այդ մարդկանց սեփականությունը, բայց մարդիկ հնարավորություն կունենան ապրելու այդ բնակարաններում ու այդ խնդիրը, կարելի է ասել, այսքանով կլուծվի»։

Նա նաև վստահեցրեց՝ իրենց ուժը չի լինելու սևի ու սպիտակի բաժանման մեջ, և դառնալու է իրական այլընտրանք, որին, ըստ Սրտաշյանի, գյումեցիները երկար են սպասել․ «Ինքներս գյումրեցի ենք, ապրել ենք այս քաղաքի դարդ ու ցավով, մարդկանց ցույց ենք տվել, որ կարելի է զրոյից, անգամ մինուսային կետից ստեղծել աշխատատեղեր, մեր շարքերում կան քաղաքը շենացրած բազմաթիվ ձեռնարկատերեր, որոնց ոչ միայն խոսքով, այլ գործով այս երկար տարիների ընթացքում քաղաքը շենացրել են, քարը քարի վրա են դրել, հետերկրաշարժյան Գյումրին վերածել են այն Գյումրիին, որն այսօր կա։ Մենք մեր գործով ցույց ենք տվել, որ կարող ենք քաղաքի ամենամեծ հարկատուները լինել։ Այսօր, տեսնելով երկրի աղետալի իրավիճակը, նաև որոշել ենք զերծ չմնալ քաղաքական պրոցեսներից։ Մեր ակումբը, որը նախաձեռնել է «Գյումրին կռնա՛» պրոցեսը, քաղաքական թեմաների մեջ թաթախված չի եղել։ Այսօր, սակայն, հավաքվել  է մի թիմ, որը գիտակցում է, որ նաև քաղաքական գործունեության միջոցով պետք է լուծել երկրի խնդիրները և առանց քաղաքական լծակների փոփոխությունների հասնել հնարավոր չէ»։

Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։

Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։

«Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը  սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել