Սյունիքում ստեղծված սպառնալիքները, ռիսկերը դեռևս շարունակում են պահպանվել․ Տիգրան Աբրահամյան
12:56 - 08 հոկտեմբերի, 2021

Սյունիքում ստեղծված սպառնալիքները, ռիսկերը դեռևս շարունակում են պահպանվել․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձավ իր՝ Սյունիք կատարած այցին և Սյունիքում ստեղծված իրավիճակին․ «Ակնհայտ է, որ տեղում ստեղծված սպառնալիքները, ռիսկերը դեռևս շարունակում են պահպանվել։ Ադրբեջանը սահմանի՝ իր վերահսկողության տակ գտնվող հատվածներում բավականին ակտիվ շինարարական աշխատանքների մեջ է, որոնք ունեն և՛ ռազմական և՛ իրենց բնույթով նաև քաղաքացիական նշանակություն։ Շատ մտահոգիչ է նաև Սյունիքին հարակից, Ադրբեջանի կողմից բռնազավթված հատվածներում ադրբեջանցիների ամրացումները, որոնք կապված են սահմանապահ զորամասերի տեղակայման և այդ հատվածում ամրաշինական, ենթակառուցվածքային աշխատանքների հետ։Այլընտրանքային ճանապարհը՝ Տաթև-Աղվանին, որի հետ կապված այս պահին աշխատանքներ գնում են, մի քանի հարցեր լուծելու է, բայց ամբողջական հարցը Սյունիքի անվտանգության հետ կապված չի լուծելու»։

Տիգրան Աբրահամյանը նաև ընդգծեց՝ իշխանությունը ջանքեր է գործադրում, որ ուժային կառույցների ղեկավարները որևէ պարագայում խորհրդարան չգան․ «Այս շաբաթ Պաշտպանության և անվտանգության հանձնաժողովում բացի ավանդական դարձած փոխնախագահի ընտրության թեմայից նաև խոսք գնաց ուժային տարբեր կառույցների՝ խորհրդարան գալու խնդրի մասին։ Ամենատարբեր ֆորմատով չի ստացվում, կամ այս պարագայում շատ ավելի ճիշտ կլինի ասել, որ իշխանությունը համառ ջանքեր է գործադրում, որպեսզի ուժային կառույցի ղեկավարները որևէ պարագայում չգան խորհրդարան և չպատասխանեն հարցերին»։

Նա հավելեց, որ կա հանրային պահանջ՝ ուժային կառույցների ղեկավարների հետ որևէ ֆորմատով խորհրդարանում հանդիպելու և մտահոգիչ հարցերի պատասխանները ստանալու․ «Իշխանությունների այս մոտեցումը, ըստ էության, շատ ավելի է խորացնում մտահոգությունները այն մասին, որ իրականում անվտանգային համակարգում նախատեսված վերակազմավորումները, փոփոխությունները չեն իրականացվում, ուժային կառույցները ասելիք չունեն և այս պարագայում ամեն գնով խուսափում են որևէ ձևով հայտնվել մեր տեսադաշտում»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել