Գյումրիում ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը վստահ է՝ ՏԻՄ ընտրություններում լավ արդյունք են գրանցելու
18:35 - 12 հոկտեմբերի, 2021

Գյումրիում ՀՀԿ ցուցակը գլխավորող Արտյոմ Ղուկասյանը վստահ է՝ ՏԻՄ ընտրություններում լավ արդյունք են գրանցելու

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ: 

Գյումրու ՏԻՄ ընտրություններում Հայաստանի Հանրապետական Կուսակցությունը 33 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակ է ներկայացրել, կուսակցության քաղաքապետի թեկնածուն Արտյոմ Ղուկասյանն է, որը գլխավորում է ցուցակը։

Մեր զրույցում Ղուկասյանը պատմեց, որ քարոզարշավն ընթանում է հանգիստ, առանց այլևայլությունների։ Քաղաքապետի թեկնածուն վստահ է, որ լավ արդյունք են գրանցելու․ «Մենք վստահ ենք մեր ունեցած հնարավորությունների վրա։ Վստահությունը առաջին հերթին պայմանավորված է մեր կուսակից ընկերների ակտիվությամբ, ժողովրդի՝ ներկայիս իշխանությունների նկատմամբ ունեցած դժգոհությամբ, և այդպես շարունակ»։

Նրա դիտարկմամբ՝ Գյումրիում առաջնահերթ լուծում պահանջող խնդիրներն են անօթևանների հարցը, աշխատատեղերի ստեղծումը և քաղաքի բարեկարգումը։

Ղուկասյանի խոսքով՝ անօթևանության խնդրի վերաբերյալ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մեծ ծրագրեր է իրականացրել, կառավարության օգնությամբ 5000 բնակարան են կառուցել Գյումրի քաղաքում, նույնն էլ այսօր են փորձելու անել․ «Դիմելու ենք կառավարության օգնությանը, տարբեր բարերարների, դոնոր կազմակերպությունների օգնությանը, որպեսզի կարգավորենք, կամաց-կամաց այս խնդիրը լուծենք։ Կփորձենք ամեն ինչ անել, որ վերջնական լուծում տանք խնդրին»։

Ղուկասյանը վստահ է, որ գյումրեցին մինչև այսօր վայելում է Հանրապետական կուսակցության օրոք ստեղծված բարիքները․ «Նայեք, թե Գյումրին ինչ է եղել մեր կուսակցության կառավարման տարիներին։ Գումարները, որոնք հատկացվում են ասֆալտապատման, բարեկարգման համար, այդ ամբողջը առ այսօր կատարվում է մեր կառավարության ժամանակահատվածում հատկացրած գումարներով։ Իմ կարծիքով՝ գյումրեցին չի մոռանում այդ ամեն ինչը, պարզապես միառժամանակ մոռացել էր, բայց այսօր աստիճանաբար վերհիշում է, հասկանում է, որ այստեղ Հանրապետական կուսակցությունը մեծ աշխատանք ունի կատարած»։

Նա նաև նշում է, որ քարոզարշավի ընթացքում անցկացնում են երթեր, հանդիպում են բնակիչների հետ։ «Մենք մեզ չենք ֆետիշացնում, պարզապես ծանոթանում ենք մարդկանց խնդիրների, բողոքների, առաջարկությունների հետ»։

Նշենք, որ Արտյոմ Ղուկասյանը չորրորդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հորեղբոր որդին է։

Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։

Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։

«Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ սեպտեմբերի 29-ին դաշինքը  դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Նանե Ավետիսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել