Գյումրու տնտեսական զարգացումը պետք է կապված լինի հարկային որոշակի արտոնությունների հետ․ Հովհաննես Մարգարյան
18:05 - 10 հոկտեմբերի, 2021

Գյումրու տնտեսական զարգացումը պետք է կապված լինի հարկային որոշակի արտոնությունների հետ․ Հովհաննես Մարգարյան

Շիրակի մարզկենտրոն Գյումրիում այս տարվա հոկտեմբերի 17-ին նախատեսված են ավագանու ընտրություններ՝ համամասնական ընտրակարգով։ Նախընտրական քարոզարշավը մեկնարկել է սեպտեմբերի 22-ին, կավարտվի հոկտեմբերի 15-ին։ Գյումրիում ընտրություններին մասնակցելու է 10 քաղաքական ուժ։

Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Արժանապատիվ ուղի» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորում է կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանը, որը 3-րդ, 4-րդ և 5-րդ գումարման ԱԺ-ում պատգամավոր է ընտրվել «Օրինաց երկիր» կուսակցությունից։

Վերջինս Infocom-ի հետ զրույցում նշեց, որ քարոզարշավը համեստ են անցկացնում․ «Համեստ ենք անցկացնում՝ կապված հազարավոր զոհերի և այն ամենի հետ, ինչ տեղի ունեցավ մեր երկրում։ Բացարձակապես ոչ մի երթ, ոչ մի հանդիպում չենք անցկացնում, ես չեմ ընտրել այդ ֆորմատը»։

Նա հիշեցնում է, որ 15 տարի մեծ քաղաքականության մեջ է եղել, եւ վստահեցնում, որ գյումրեցիները տեսել են իր կատարած հետևողական և նվիրված աշխատանքը, ինչը ներկայացնելու կարիք չի տեսնում․

«Ես ընդամենը ուզում եմ ասել, որ որոշողը գյումրեցիներն են, գյումրեցին իմաստուն է։ Գյումրեցիները ինձ լավ գիտեն, լավ են ճանաչում, ես իրենց ցավը տանեմ, միշտ ինձ ձայն են տվել, իմ թիկունքին են կանգնել, ես էլ իրենց թիկունքին եմ կանգնել։ Ինչ կլինեն ընտրությունները՝ ցույց կտան ընտրության արդյունքները»։

Հովհաննես Մարգարյանը երեք անկյունաքարային խնդիր է առանձնացնում Գյումրու, և, առհասարակ, Հայաստանի համար․ «Դա համախմբումն է, որպեսզի մենք ունենանք համախմբված Գյումրի,  արժանապատվությունն է, որ արժանապատվորեն կարողանանք ոչ միայն համախմբվել, այլ տեր կանգնենք արդարությանը, այսինքն՝ համախմբում, արժանապատվություն և արդարություն։ Սրանք այն երեք առանցքներն են, որոնց վրա կազմվում է իմ ծրագիրը։ Առանց սրա հնարավոր չի որևէ ծրագիր իրականացնել»։

Մեր զրուցակիցը նաև նշում է, որ Գյումրին մի շարք խնդիրներ ունի. «Գյումրու տնտեսությունը և տնտեսական զարգացումը օրգանապես պետք է կապված լինի հարկային որոշակի արտոնությունների հետ։ Շիրակի մարզը սահմանամերձ շրջան է, աղետի գոտի է։ Միջազգային պրակտիկան ասում է՝ մինչև աղետի գոտուն հարկային արտոնություն չտաս, նա չի կարող զարգանալ։ Պետք են որոշակի իրավական ակտեր, որոնք ուղղված կլինեն հարկային արտոնություններին՝ աշխատատեղերի խնդիրը լուծելու համար»,- ասում է նա ու հիշեցնում, որ պատգամավորական գործունեության ընթացքում ի նպաստ Գյումրիի մի շարք օրենսդրական նախաձեռնություններով է հանդես եկել։

Գյումրու կարևոր խնդիրներից մեկն էլ, մեր զրուցակցի կարծիքով, արտագաղթն է. «Արտագաղթը կանխելու, աղքատությունը մեղմելու համար պետք են աշխատատեղեր, գյումրեցիները արտագաղթի ցուցանիշով առաջին հորիզոնականն են զբաղեցնում։ Մենք խոսում ենք արտաքին արտագաղթի մասին՝ չխոսելով ներքին արտագաղթի մասին։ Գիտեմ ընտանիքներ, որ տեղախոխվել են գյուղական վայրեր, որպեսզի կարողանան հող մշակել»։

Մարգարյանի խոսքով՝ Գյումրիում ռազմաարդյունաբերությունը զարգացնելու պոտենցիալ կա. «Այսօր լավագույն շանսն է ստեղծված Գյումրիի համար, քանի որ 102-րդ ռազմաբազան, որը ավելի քանի 3000 զինծառայող ունի, գտնվում է Գյումրիում։ Մենք պետք է այդ ռեսուրսն օգտագործենք։ Կարող ենք ռուս-հայկական ռազմաարդյունաբերական դուստր ձեռնարկություններ ստեղծել։ Մենք դա կարող ենք հեշտությամբ կյանքի կոչել, այդ փորձը ես ունեմ, բազմաթիվ անգամ օգտագործել եմ»,- ասում է նա՝ նկատի ունենալով, որ եղել է հայ-ռուսական բարեկամական խմբի անդամ։

Մեր զրուցակիցն այն համոզմունքն ունի, որ խորհրդարանական վերջին ընտրությունները ազատ ու արդար են անցկացվել։ Ըստ նրա՝ այս տարվա ՏԻՄ ընտրությունները նույնպես բացառիկ հնարավորություն են՝ խղճով եւ մտքով քվեարկություն կատարելու․ «Հույս ունեմ, որ Գյումրին՝ որպես հայրաքաղաք, ակտիվ մասնակցությամբ և արդար քվեարկությամբ կձևավորի իր տեղական ինքնակառավարման մարմինները․ դա շատ կարեւոր է և դրական ազդեցություն կունենա մայրաքաղաքի վրա, իսկ եթե հայրաքաղաքը համախմբված է, իմ պատկերացմամբ մեր ամբողջ երկիրը ու ազգը կհամախմբվի»։

Գյումրու ավագանու ընտրություններին առաջադրվել է «Հայրաքաղաք» դաշինքը, որի ցուցակը գլխավորում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ ՀԿ-ի ծրագրերի համակարգող Լևոն Բարսեղյանը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը՝ կուսակցության նախագահ Հովհաննես Մարգարյանի գլխավորությամբ։ ՀՀԿ-ն նույնպես մասնակցելու է ընտրություններին․ ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղուկասյանը։ Վերջինս 4-րդ գումարման Ազգային ժողովի ՀՀԿ-ական պատգամավոր է եղել, նա Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ հորեղբոր որդին է։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ընտրություններին կմասնակցի Շիրակի ներկայիս մարզպետ Հովհաննես Հարությունյանի գլխավորությամբ։

Ավագանու ընտրություններին կմասնակցեն նաև «Զարթոնք» ազգային-քրիստոնեական կուսակցությունը՝ Վարդևան Հակոբյանի գլխավորությամբ, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը՝ Կոնստանտին Ղավազյանի գլխավորությամբ, «Գյումրին կռնա» դաշինքը՝ Վարդան Սրտաշյանի գլխավորությամբ։ Ավագանու ընտրություններին մասնակցելու է նաև «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, որը Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի աջակիցների կուսակցությունն է։ Սամվել Բալասանյանը, սակայն, չի առաջադրվել նախընտրական ցուցակում․ ցուցակը գլխավորում է Վարդգես Սամսոնյանը, ով «Գյումրու կոմունալ ծառայություն» համայնքային բյուջետային հիմնարկի տնօրենն է։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Կարեն Մալխասյանի գլխավորությամբ։

«Թասիբով» դաշինքը նույնպես նախատեսում է մասնակցել ընտրություններին՝ Կարապետ Պողոսյանի գլխավորությամբ․ դաշինքը  սեպտեմբերի 29-ին դադարեցրել էր քարոզարշավը՝ ավագանու անդամության թեկնածուներից Միշա Չոմարյանի անժամանակ մահվան կապակցությամբ։

Նանե Ավետիսյան

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել