Երևան համայնքն ու ԵՄ կառույցներն ընդլայնում են համագործակցության շրջանակները. քաղաքապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը
16:12 - 07 հոկտեմբերի, 2021

Երևան համայնքն ու ԵՄ կառույցներն ընդլայնում են համագործակցության շրջանակները. քաղաքապետն ընդունել է ԵՄ պատվիրակությանը

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթի գլխավորած ԵՄ պատվիրակության հետ։ ԵՄ կառույցների հետ Երևանը համագործակցության տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնք վերաբերում են քաղաքային տնտեսության մի շարք ոլորտների։ Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

Կողմերը մտքեր են փոխանակել «Քաղաքապետների դաշնագիր» նախաձեռնության շրջանակներում «Եվրոպական Միությունը՝ Երևանի համար. Արևային համայնք» ծրագրի, կայուն էներգետիկ զարգացման գործողությունների, կոշտ և վտանգավոր թափոնների կառավարման նախագծերի, ինչպես նաև ավտոբուսների ձեռքբերման ծրագրի շուրջ:

Անդրադառնալով ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի ներքո Հայաստանին տրամադրվելիք 2.6 մլրդ եվրո աջակցության փաթեթին, որից որոշակի մաս տրամադրվելու է Երևանին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ համայնքն առանձնացրել է 5 բնագավառ:

Մասնավորապես, առաջակվում է գործակցությունն ընդլայնել հասարակական տրանսպորտի բարեփոխումների իրականացման, Երևանի էներգաարդյունավետության բարձրացման, կենցաղային կոշտ աղբի կառավարման, Երևանի «Խելացի քաղաք» հայեցակարգի, ինչպես նաև մետրոպոլիտենի արդիականացման ծրագրերով:

«Սրանք ծրագրեր են, որոնք առնչվում են յուրաքանչյուր երևանցու և մեծ դերակատարում կարող են ունենալ բնակիչների կյանքի որակի բարձրացման առումով: Այս նախագծերի կյանքի կոչման արդյունքում մեր համագործակցության և եվրոպական կառույցների աջակցության արդյունավետությունը կզգա յուրաքանչյուր քաղաքացի»,- ընդգծել է Հայկ Մարությանը:

Իր հերթին, կարևորելով Եվրոպական Միության կառույցների և Երևանի քաղաքապետարանի միջև ձևավորված համագործակցությունը, Եվրոպական հանձնաժողովի արևելյան հարևանության գծով տնօրեն Լոուրենս Մերեդիթը նշել է, որ իրենք պատրաստակամ են ընդլայնել ծրագրերի շրջանակները:

Կողմերը պայմանավորվել են համագործակցության նոր ծրագրերը հնարավորինս շուտ գործնական փուլ տեղափոխել:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել