Դատարանը վերացրել է Քաջարանի համայնքապետի լիազորությունները կասեցնելու մասին ԱԱԾ-ի միջնորդությունը. պաշտպաններ
14:06 - 07 հոկտեմբերի, 2021

Դատարանը վերացրել է Քաջարանի համայնքապետի լիազորությունները կասեցնելու մասին ԱԱԾ-ի միջնորդությունը. պաշտպաններ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմինե Մելիքսեթյանի, մերժեց ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի քննիչի միջնորդությունը՝ Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման իրավաչափությունը հաստատելու մասին և վերացրեց Մանվել Փարամազյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշումը։

Այս մասին հայտարարություն են տարածել Մանվել Փարամազյանի պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը:

Ավելի վաղ Փարամազյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ին՝ երեկոյան, տեղեկացել էր, որ ՀՀ ԱԱԾ Քննչական դեպարտամենտը գլխավոր դատախազության ցուցումով որոշում է կայացրել կասեցնել Քաջարան համայնքի ղեկավարի լիազորություններն ու այդ որոշման իրավաչափությունը հաստատելու միջնորդություն ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան։

Հիշեցնենք, որ Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվել է հուլիսի 10-ին: Ըստ ԱԱԾ-ի՝ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-178-րդ հոդվածի (խարդախության օժանդակելը կամ կազմակերպելը), 311-րդ հոդվածի (կաշառք ստանալը) և 154.2-րդ հոդվածի (ընտրողներին կաշառք տալը, կաշառք ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը) հատկանիշներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել