Առերևույթ չարաշահումներ՝  Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից․ կատարվում է նախաքննություն․ ՔԿ
09:40 - 07 հոկտեմբերի, 2021

Առերևույթ չարաշահումներ՝ Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից․ կատարվում է նախաքննություն․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Նոր Եդեսիա համայնքի ղեկավարի կողմից առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ համայնքի ղեկավարը 2013-2019թթ. օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, յուրացման եղանակով առերևույթ հափշտակել է 40.000.000 ՀՀ դրամ արժեքով 11 կիլոմետր երկարությամբ ցինկապատ խողովակաշարը և դրանք օտարել:

Այնուհետև, շահադիտական դրդումներով, առանձնապես խոշոր չափերի գույք հափշտակելու նպատակով, 2016-2021թթ. ընթացքում, ավտոմեքենայի անսարք լինելու պայմաններում, վառելանյութ ձեռք բերելու համար, համայնքի բյուջեից անհիմն դուրս է գրել առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 4.500.000 ՀՀ դրամ գումար և յուրացման եղանակով հափշտակել:

Բացի այդ, 2018թ. ընթացքում, համայնքապետարանի համար նոր գույք գնելու պատրվակով, համայնքի բյուջեից դուրս է գրել 516.200 ՀՀ դրամ գումար և այն օգտագործել իր անձնական կարիքների համար:

Կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել