Արմեն Սարգսյանն ու Սերջո Մատարելլան անդրադարձել են ՀՀ-ի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին |armenpress.am|
17:58 - 06 հոկտեմբերի, 2021

Արմեն Սարգսյանն ու Սերջո Մատարելլան անդրադարձել են ՀՀ-ի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի և Իտալիայի նախագահները երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամություն են հայտնել: Այս մասին նշեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Իտալիայի նախագահ Սերջո Մատարելլայի հետ մամուլի համար արված հայտարարության ժամանակ։

«Նախագահ Մատարելլայի հետ քիչ առաջ ունեցանք շատ բովանդակալից և արդյունավետ բանակցություններ, որոնք հայ-իտալական հարաբերությունների բարձր մակարդակի ակնառու արտահայտությունն են։ Ընդգծեցինք երկու պետությունների միջև առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը և երկկողմ հարաբերությունները զարգացնելու փոխադարձ պատրաստակամություն»,- հայտարարեց ՀՀ նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծեց, որ երկու նախագահներն անդրադարձան են կատարել նաև Հայաստանի և Իտալիայի միջև առևտրատնտեսական հարաբերություններին:

«Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սահմանափակումների պայմաններում 2020թ․ Հայաստանի և Իտալիայի միջև առևտրաշրջանառությունն, իհարկե ընկավ, բայց 2021թվականին սկսեց բարձրանալ, վերականգնվեց։ Վստահ եմ, որ այն շատ արագ ու ավելի բարձր մակարդակ է ունենալու, քան նախորդ տարիներին»:

Նախագահները կարևորեցին նաև համագործակցության զարգացումը ժամանակակից արդյունաբերության, այսինքն՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, բիոտեխնոլոգիաների, բիոկենսաբանության, արհեստական բանականության ոլորտներում, ժամանակակից ոլորտներում, որոնք կապված են սննդի անվտանգության հետ, ժամանակակից` 21-րդ դարին համապատասխան կապի համակարգերի հետ:

Քննարկեցին անհրաժեշտ փոփոխությունները, որոնց արդյունքում ներդրում կարող է բերվել՝ աջակցելու կլիմայական վտանգավոր փոփոխությունների ընթացքը կանխելուն։

«Անդրադարձանք նաև գիտատեխնիկական ու տեխնոլոգիական ոլորտների զարգացման ուղղությամբ համագործակցության հնարավորություններին: Մեծարգո նախագահին ներկայացրեցի նախագահական ATOM (Advanced Tomorrow) նախաձեռնության շրջանակում իտալական ընկերությունների հետ համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններն ու ուղղությունները»,- համատեղ հայտարարության ժամանակ նշեց Արմեն Սարգսյանը:

ՀՀ նախագահը ևս մեկ անգամ շնորհակալությունն հայտնեց Իտալիայի նախագահին բարեկամության հրավերի և փայլուն ընդունելության համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել