Իրավական հենքերի ամբողջական հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացների համար․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին
17:16 - 06 հոկտեմբերի, 2021

Իրավական հենքերի ամբողջական հետազոտությունից հետո պարզ կդառնա, թե որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացների համար․ Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման եւ սահմանագծման մասին

Ազգային ժողովում սկսվել է ՀՀ կառավարություն - պատգամավորներ հարց ու պատասխանը։ Ներկա է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Կառավարության անդամներին հարց տալու համար հերթագրվել է 35 պատգամավոր։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն անդրադարձավ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ դեմարկացիայի եւ դելիմիտացիայի սպասվող գործընթացի հիմքերին՝ նշելով, որ կառավարությունը չի նշում, թե որ թվականների սահմաններով ենք առաջնորդվելու։ Նա, հիշեցնելով Փաշինյանի այն պնդումները, ըստ որոնց՝ ՀՀ-ն Սովետական Հայաստանի հիմքի վրա է ստեղծվել, ասաց, որ Սովետական Հայաստանը ներառում էր ԼՂԻՄ 5 շրջաններն ու Շահումյանի շրջանը։ Խաչատրյանը հարցրեց՝ եթե ՀՀ կառավարությունն առաջնորդվում է Սովետական սահմաններով, արդյոք սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի շրջանակներում պահանջել կամ պահանջելու է Ադրբեջանից իր զորքերը դուրս հանել ԼՂԻՄ-ից եւ Շահումյանի շրջաններից, որոնք 89 թվականի դեկտեմբերի 1-ից Հայաստանի մաս են կազմում։

Հարցին պատասխանեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ նշելով, որ նման գործընթացներում թե՛ նախապատրաստական փուլում, թե՛ հետագայում իրականացման փուլում նախ եւ առաջ կարեւոր են ոչ թե քարտեզները, այլ այն իրավական ակտերը, որոնք վավեր են, իրավազոր են, եւ որոնց հիման վրա կառուցվել կամ կազմվել են քարտեզները, որոնք իրենց հերթին պետք է հետազոտվեն․ «Ամբողջական եւ համապարփակ իրավական հիմքերի եւ հենքերի հետազոտությունից հետո նոր պարզ կդառնա, թե սխեմատիկ իմաստով որ քարտեզը հիմք կհանդիսանա գործընթացներ կազմակերպելու եւ սկսելու համար»։

Խաչատրյանը հիշեցրեց, որ 1990-ի մայիսի 20-ին ընտրություններին մասնակցել է ԼՂԻՄ-ի ժողովուրդը, եւ Շահումյանի շրջանի ժողովուրդը, բացի դրանից՝ չեն չեղարկվել ո՛չ 89-ի դեկտեմբերի 1-ի որոշումը, ո՛չ ՀՀ Անկախության հռչակագիրը, ո՛չ էլ 1991-ի սեպտեմբերի 23-ի որոշումը, ուստի, Խաչատրյանի խոսքով, դրանք ուժի մեջ գտնվող եւ գործող իրավական ակտեր են։

Փոխվարչապետն էլ կրկնեց, որ հնարավոր չէ սելեկտիվ վերաբերել գործող եւ իրավազոր ակտերի, դրանք պետք է վերլուծվեն ամբողջության մեջ․ «Այլ հարց է, թե էդ իրավական ակտերի կոնֆլիկտն ինչ տեսք կունենա։ Մաքսիմալ պետք է բացահայտվեն այն ակտերը, որոնք երկկողմ համաձայնեցված են եղել, որոնց հիման վրա քարտեզագրում է իրականացվել»,- եզրափակեց Մհեր Գրիգորյանը։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել