Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թ․-ին՝ հայտնի իրադարձություններից հետո․ Տիգրան Աբրահամյան
17:18 - 05 հոկտեմբերի, 2021

Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թ․-ին՝ հայտնի իրադարձություններից հետո․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց՝ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ Զինված ուժերը համառ մարտեր էին մղում Հայաստանի ու Արցախի անվտանգության համար, իսկ Հայաստանի իշխանությունները հիմնավորումներ էին փնտրում, մեղավորներ նշանակում, կեղծ թիրախներ հնարում․ «Խնդիրը մեկն էր․ ինչ էլ լիներ, պետք է հայտարարվեր, որ մեղավոր են բոլորը՝ միջին վիճակագրական քաղաքացին, զինվորը, հրամանատարը, կամավորականը, մի խոսքով՝ բոլորը՝ բացի մեկ մարդուց՝ Նիկոլ Փաշինյանից»։

Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունը քանդում էր նույնիսկ խաղաղ պայմանների համար նախատեսված մեխանիզմները, խափանում առաջին գծի համար նախատեսված առաջնային համալրումները․ «Սխալվում կամ դիտմամբ մոլորեցնում են բոլոր այն անձինք, ովքեր պնդում են, որ պատերազմը կանխելու կամ կանգնեցնելու հնարավորություն չի եղել։ Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թվականին՝ հայտնի իրադարձություններից հետո։ Դրանք առավել արագ փուլ մտան հետագա տարիներին։ Բնականաբար, դրան նպաստեց իշխանության նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստանի զինվորական հրամանատարության և ռազմական ներուժի գլխատման արշավը, երկրի կենսունակ ուժերի, դեմքերի մեկուսացումը, հասարակական խորը պառակատումները և ժողովրդին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու քայլերը»։

Պատգամավորի խոսքով՝  Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու քաղաքական որոշման հիմքում Հայաստանում ստեղծված այդ իրավիճակն էր։

Աբրահամյանը նաև ասաց՝ իշխանությանը խանգարող մարդիկ դեռ ամբողջությամբ չեզոքացված չեն․ «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի։ Ինձ համար առաջնային չէ, թե իշխանությունը սեփական պարտությունը կամ դրա պատասխանատվությունը ում վրա է փորձում գցել, ինձ համար կարևոր է, որպեսզի նշածս մարդկանց անվտանգությունը ապահովված լինի, որովհետև իշխանությունը վաղ թե ուշ փոխվելու է, և հասարակությունը պետք է հնարավորություն ունենա այս մարդկանցից լսելու այն իրականությունը, այն «ինչուների» պատասխանները, ինչն այսօրվա իշխանության պայմաններում գրեթե բացառելի է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել