Ադրբեջանը հղում է անում ԽՍՀՄ քարտեզներին, սակայն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց. Սեյրան Օհանյան |armenpress.am|
16:43 - 05 հոկտեմբերի, 2021

Ադրբեջանը հղում է անում ԽՍՀՄ քարտեզներին, սակայն հրաժարվել է Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց. Սեյրան Օհանյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նկատում է, որ Ադրբեջանը, օրինակ, Գորիս-Կապան ավտոճանապարհահատվածին ստեղծված իրավիճակի հարցով հղում է կատարում Խորհրդային Միության քարտեզներին, սակայն ինքն է հրաժարվել Խորհրդային Ադրբեջանի իրավահաջորդը լինելուց: Օհանյանն այս մասին ասաց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածին ստեղծված իրավիճակին, որտեղ ադրբեջանցիները ոստիկանական կետ են տեղադրել:

«Ադրբեջանցիները հայտնվել են հայկական տարածքում, և այդ հայտնված իրավիճակում են շարունակվելու բանակցությունները»,-ասաց Օհանյանը:

Նա շեշտեց, որ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանված դրույթները հիմք չեն պետական սահմանները Ադրբեջանի հետ ճշտելու համար, ընդգծեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ նշված է, որ կողմերը գոնե այդ հատվածում՝ Սյունիքի հատվածում, կանգնում են այն կետերում, այն բնագծերում, որտեղ ավարտվել է պատերազմը:

«Եվ, եթե իշխանությունները բանակցությունների, անվտանգային և սահմանային իրավիճակի ձևավորման փորձ ունենային, պետք է հասկանային, որ հակառակորդը՝ թուրք-ադրբեջանական տանդեմը շատ դժվարությամբ է հետ քաշվելու այն կետերից, որտեղ իրենց զինվորի ոտքն է դրված, որտեղ իրենց համար ինժեներական կառույցներ են կահավորել: Դրա համար մենք պետք է կանգնեինք այն վայրերում, որտեղ պատերազմն ավարտվել էր, դրանից հետո արդեն բանակցությունների արդյունքում առաջ կգնայինք, թե հետ կգնայինք, կախված կլիներ այն իրավապայմանագրային հենքից, որի հիմքում խաղաղության պայմանագիրն է: Իսկ այս իրավիճակում Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը նշանակում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»,-ասաց խմբակցության ղեկավարը:

Նա շեշտեց՝ դա շատ մեծ հարված կլինի Արցախի Հանրապետությանը և Արցախի ժողովրդին՝ իրենց պատմական տարածքում իրենց ապրելու իրավունքը պաշտպանելու համար:

«Քարտեզները, որոնցով պետք է ճշգրտումներ իրականացվեն, չունենք: Տարբեր քարտեզների են հղում կատարում՝ ռազմական, զինվորական, Խորհրդային Միության, իսկ Ադրբեջանն ինքն է հրաժարվել Խորհրդային Ասրբեջանի իրավահաջորդը լինելուց: Մենք չունենք այն հենքը, որ Ադրբեջանի հետ գնանք գլոբալ առումով խաղաղության իրավիճակի ստեղծման և խաղաղության պայմանագրի ստորագրման»,-ասաց Օհանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել