Արդարադատության փոխնախարարներն ընդունել են ԵՄ պատվիրակությանը
16:32 - 05 հոկտեմբերի, 2021

Արդարադատության փոխնախարարներն ընդունել են ԵՄ պատվիրակությանը

Արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ նախարարի տեղակալներ Քրիստիննե Գրիգորյանն ու Երանուհի Թումանյանցն այսօր ընդունել են Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Դեյվիդ Քյուլլենի գլխավորած պատվիրակությանը:

«Այցի նպատակը դեկտեմբերին կայանալիք գործընկերության գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներն են, մասնավորապես՝ տնտեսական ներդրումների և համագործակցության ոլորտների նախանշման ուղղությամբ:

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ Քրիստիննե Գրիգորյանը բարձր է գնահատել երկկողմ համագործակցության մակարդակը ինչպես Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի, այնպես էլ ԵՄ բյուջետային աջակցության համաձայնագրի շրջանակում և ընդգծել, որ համագործակցությունը դատաիրավական ոլորտից բացի ներառում է նաև ոստիկանության ոլորտի բարեփոխումները:

Նախարարի առաջին տեղակալը նշել է նաև ԱԺ կողմից հաստատված Կառավարության ծրագիրը՝ ընդգծելով, որ Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրից բխող բարեփոխումները լավագույնս արտացոլված են Կառավարության հնգամյա ծրագրում:

Դեյվիդ Քյուլլենը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և, կիսվելով Հայաստան կատարած այցի ընթացքում ձեռք բերված տեղեկություններով, նշել է, որ տպավորված է դատաիրավական բարեփոխումների ոլորտում Հայաստանի ներգրավվածության մակարդակից:

Գործընկերների հարցմամբ, փոխնախարար Գրիգորյանը ներկայացնելով համագործակցության առաջնահերթությունները, ընդգծել է պատերազմի և համավարակի հետևանքներով երկրի համար առաջացած մարտահրավերները, ինչպես նաև անդրադարձել Հակակոռուպցիոն դատարանի ձևավորման գործընթացին ու նախանշել համագործակցության հնարավոր ուղիներն այս հարցում:

Փոխնախարարը անդրադարձել է նաև Գլխավոր դատախազության կազմում արդեն գործող Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարչության գործունեությանը, էլեկտրոնային արդարադատության համակարգի ներդրման գործընթացում ձեռնարկվող քայլերին, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանության, հակակոռուպցիոն և դատաիրավական բարեփոխումների օրակարգի մի շարք այլ հարցերի:

Հադիպման ավարտին կողմերրը սերտ համագործակցությունը շարունակելու բարձր պատրաստակամություն են հայտնել»,- նշված է հաղորդագրության մեջ:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել