ԱԺ-ն քննարկում է  Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը․ ընդդիմադիրներն առաջադրել են Արա Նռանյանի թեկնածությունը
13:08 - 05 հոկտեմբերի, 2021

ԱԺ-ն քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը․ ընդդիմադիրներն առաջադրել են Արա Նռանյանի թեկնածությունը

ՀՀ ԱԺ-ն քննարկում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը։ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները միասնաբար առաջադրել են Արա Նռանյանի թեկնածությունը, որը տնտեսագետ է, տնտեսագիտության թեկնածու։

1997-2000թթ․ Նռանյանն աշխատել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում՝ որպես Տարիֆիկացիայի և վերլուծության բաժնի առաջին կարգի մասնագետ, 2000-2001թթ․ եղել է ՀՀ պետական գույքի կառավարման նախարարության Պետական բաժնեմասի կառավարման բաժնի պետ, 2001-2004թթ․՝ ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում Ռազմավարական ծրագրերի մշակման և վերլուծության բաժնի պետ, իսկ 2004-2007թթ․՝ ՀՅԴ Բյուրոյում տնտեսական հարցերով խորհրդական։
 
2007-2012թթ․ եղել է ԱԺ պատգամավոր՝ ՀՅԴ խմբակցությունից, 2015-2016թթ․՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովում ԵՏՀ Կոլեգիայի անդամ, 2016-2019թթ․՝ ՀՀ վերահսկիչ պալատի (ՀՀ հաշվեքննիչ պալատ) նախագահի տեղակալ։
 

Նռանյանի կենսագրությանն առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ 

Նռանյանն իր ելույթում նշեց, որ ՀԾԿՀ-ի պատասխանատվության տիրույթում են ՀՀ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտները․ «Դրանք մեր տնտեսության այն հատվածներն են, որոնք առնչվում են բոլոր քաղաքացիների, տնտեսվարողների եւ պետության շահերին, ունեն կարեւորագույն սոցիալ-տնտեսական նշանակություն, ինչպես նաեւ հսկայական ազդեցություն՝ երկրի անվտանգության մակարդակի վրա։ Հանձնաժողովը կոչված  է վարելու այնպիսի գործունեություն, որը կհավասարակշռի բոլոր կողմերի շահերը՝ ներառելով սպառողներին, խոշոր տնտեսվարողներին, եւ, առհասարակ, պետությունը»,- ասաց թեկնածուն՝ հավելելով, որ զարգացման այս փուլում այդ ոլորտները կանգնած են լրջագույն մարտահրավերների առջեւ, եւ որ միայն բոլոր կողմերի համատեղ ջանքերով է հնարավոր հաղթահարել դրանք։

Անդրադառնալով էներգետիկայի ոլորտին՝ Նռանյանը նշեց, որ, թեեւ երկարացնում ենք Հայկական ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետը, սակայն պետք է գիտակցենք, որ դա հավերժ չի կարող շարունակվել, եւ առաջիկայում կանգնելու ենք նոր խնդիրների լուծման անհրաժեշտության առջեւ․ «Դրանց լուծումը պահանջելու է ոչ միայն ֆինանսական միջոցներ, այլ նաեւ ժամանակ։ Աշխատանքը պահանջելու է կամք, վճռականություն, հետեւողականություն»։ Նռանյանը դրական ազդակ արձանագրեց այն, որ նոր ատոմակայանի կառուցման մասին գրված է կառավարության ծրագրում։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել