Միջազգային իրավունքում չկա օրինակ, որով ներպետական վարչատարածքային օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար․ Արծվիկ Մինասյան
12:39 - 05 հոկտեմբերի, 2021

Միջազգային իրավունքում չկա օրինակ, որով ներպետական վարչատարածքային օրենքը հիմք հանդիսանա արտաքին սահմանների համար․ Արծվիկ Մինասյան

Ազգային ժողովի փոխնագահ Ռուբեն Ռուբինյանն այսօր՝ Ազգային ժողովի ելույթի ընթացքում անդրադարձավ «Վարչատարածքային բաժանման» մասին օրենքին, որն այսօր քննարկման առարկա էր դարձել խորհրդարանում։

«Երբ իքս պատգամավորը քվեարկում է իքս նախագծին, որում գրված է իքս բանը, ի՞նչ է դա նշանակում, որ ամենայն հավանականությամբ իքս պատգամավորը համաձայն է իքս պնդման հետ, կամ իքս բանի հետ, որը գրված է իքս նախագծում։ Հիմա մեր հարգելի գործընկերներից շատերը կամ մեր հարգելի գործընկերների ներկայացրած քաղաքական ուժը ժամանակին քվեարկել է։ Օրինակ, ՀՅԴ խմբակցության պատգամավորները քվեարկել են մի նախագծի, որում սևով սպիտակին գրված է՝ սահմանից այն կողմ Ադրբեջանի Հանրապետությունն է»

Ռուբինյանի խոսքով՝ ընդդիմադիրների ասածներն ու արածները իրար չեն համապատասխանում․ «Տրամաբանական չի, որ նույն քաղաքական ուժը մի օր քվեարկում է մի պնդմանը կողմ, որը ասում է, որ Սյունիքում այս կետից այն կողմ Ադրբեջանն է, հետո գալիս, ասում է՝ դավաճանաբար հանձնվեցին հայկական բնակավայրեր։ Այս գործելաոճը ձեզ մոտ անցնում է կարմիր թելով, որովհետև նույն «սերիայից» է հետևյալ երկու պնդումները։ Օրինակ ինչու՞ պատերազմը չկանգեցվեց շուտ, պետք էր համաձայնել պայմաններին և պատերազմը կանգնեցնել, հետո գրեթե նույն մարդը կարող է հինգ րոպեով դուրս գա ու ասի՝ Քարվաճառը առանց կրակոցի հանձնեցինք»։

Ռուբինյանն ասսաց՝ ոչ ոք չի պնդել, որ սահմանը որոշվում է վարչատարածքային բաժանման օրենքով, պնդումը այլ է․ «Այն պատգամավորները, որոնք ժամանակին քվեարկել են այդ նախագծի օգտին, նաև քվեարկել են դրանում ներառված պնդման կողմը, իսկ այդ պնդումը արդեն մի քանի անգամ բոլորս ասեցինք՝ ինչ էր»։

Ռուբինյանի ելույթից հետո ամբիոնին մոտեցավ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Ռուբինյանը, զբաղեցնելով իր տեղը, Մինասյանին ասաց․ «Դե հակադարձեք, պարոն Մինասյան»։

«Նախ արձանագրենք, որ այդ ժամանակ ես եղել եմ պատգամավոր, այո, ես էլ եմ կողմ քվեարկել, առանձին դրվագներում, ինչպես կողմ է քվեարկել հետագայում նաև Նիկոլ Փաշինյանը՝ որպես պատգամավոր»,-արձագանքելով՝ ասաց Արծվիկ Մինասյանը։

Ըստ պատգամավորի՝ միջազգային իրավունքում չկա որևէ օրինակ, երբ ներպետական վարչատարածքային օրենքը հիմք դառնա արտաքին սահմանների համար․ «Ավելին ասեմ՝ վարչատարածքային բաժանման մասին նույնիսկ այսօրվա գործող օրենքով ձևակերպված է՝ Գորիս համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում, նկարագիր՝ պետական սահմանին` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն։ Ինչու՞ այս ամբիոնից դուք չեք բարձրաձայնում, որ ճանաչել ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, մեկ և դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ սահմանն է։ Եթե այդ օրենքն եք վկայակոչում, այս նորմը վկայակոչեք։ Ինչու՞ եք ուզում անպայման ինչ-որ բան նախկինների վրա բարդել, չի եղել այդպիսի բան, այդպիսի թեմա չի եղել»։

Ռուբինյանը, ավելի ուշ արձագանքելով Արծվիկ Մինասյանին ասաց, որ փորձել է ճշտել, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի լրացումները, որոնց մասին ընթանում է քննարկումը, երբ են ընդունվել․ «Դրանք ընդունվել են 2009 թվականին, ես չեմ հասկանում՝ ինչպես կարող էր այն ժամանակ պատգամավոր չեղած Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում կողմ քվեարկել այդ լրացումներին»։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել