Մոսկվայի հետ Ղարաբաղի կարգավիճակի, Շուշիի, Հադրութի վերաբերյալ որեւէ առարկայական հարց չի բանակցվում, զուտ տեխնիկական հարցեր են քննարկվում․ Քոչարյան
12:48 - 04 հոկտեմբերի, 2021

Մոսկվայի հետ Ղարաբաղի կարգավիճակի, Շուշիի, Հադրութի վերաբերյալ որեւէ առարկայական հարց չի բանակցվում, զուտ տեխնիկական հարցեր են քննարկվում․ Քոչարյան

«Իսկ դու ո՞վ ես, ի՞նչ ես քեզանից ներկայացնում՝ նման նպատակներ հնչեցնելու եւ նման նպատակներ հետապնդելու ժամանակ»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նման հարց հնչեցրեց Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու մասին քննարկումներին․

«Ամենից զավեշտալին այն է, որ այսօր դու բանակցային սեղանի շուրջ չես նստած, այսօր ինքդ այդ բանակցային սեղանի վրա ես, քեզ են քննարկում՝ առանց քո մասնակցության, դու դադարել ես լինել բանակցային գործընթացի սուբյեկտ, արդեն վաղուց բանակցային գործընթացի օբյեկտ ես»,- ասաց Քոչարյանը՝ հավելելով՝ չես կարող տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացել, երբ չես կարողանում այդ խաղաղության դարաշրջանը հաստատել քո սեփական երկրում, եւ չես արել որեւէ քայլ՝ այդ նպատակին հասնելու համար՝ հատկապես պատերազմից հետո։

Քոչարյանի համոզմամբ՝ այս ամենում հնարավոր է բան փոխել, բայց, նրա խոսքով, «այս մարդիկ (գործող կառավարությունը-խմբ․) պետք է գնան։ Ընդհանրապես, ծնկների վրա կանգնած բանակցելն ուղղակի հարմար չէ, մարդը չոքած հոգնում է, չի ստացվելու։ Հատկապես չես կարող բանակցել մի մարդու հետ, որը ծաղրում է քեզ, չես կարող բանակցել, չի ստացվում, չի ստացվելու»։

Միեւնույն ժամանակ, Քոչարյանի համոզմամբ, եթե այսպես շարունակվի, ոչինչ հնարավոր չի լինի փոխել․ «Մեկ տարի է՝ Հայաստանն այս պրոցեսին մասնակից չէ։ Ես մոտավորապես գիտեմ՝ ինչ է բանակցվում Մոսկվայի հետ․ զուտ տեխնիկական հարցեր են քննարկվում, Ղարաբաղի ապագայի, կարգավիճակի, Շուշիի, Հադրութի վերաբերյալ որեւէ առարկայական հարց չի բանակցվում։ Եթե այսպես շարունակվի, ոչինչ չենք ունենալու, ամեն օրը կորցրած օր է»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել