Միջազգային հանրությունը պետք է մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժով ճնշելու ցանկացած փորձ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան
15:44 - 02 հոկտեմբերի, 2021

Միջազգային հանրությունը պետք է մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժով ճնշելու ցանկացած փորձ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան

Հոկտեմբերի 1-ին ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ելույթ է ունեցել ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի Սոցիալական, հումանիտար և մշակութային հարցերի կոմիտեի (Երրորդ կոմիտե) ընդհանուր քննարկմանը՝ անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության և առաջխաղացման ոլորտում Հայաստանի ձեռքբերումներին՝ նշելով, որ անկախության վերականգնումից 30 տարի անց Հայաստանում մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների գերակայությունը, ժողովրդավարությունը, կանանց առաջխաղացումը և կենսունակ քաղաքացիական հասարակությունն անբեկանելի իրողություններ են. տեղեկացնում են ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունից:

ՀՀ մշտական ներկայացուցիչն նշել է, որ էթնիկ և կրոնական հիմքերով ատելության խոսքի խորացումը, այլատյացությունը և բռնության սերմանումը պարարտ հող են ստեղծում ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների և այլ ոճրագործությունների համար՝ այս համատեքստում ընդգծելով, որ վերը նշված երևույթների դեմ պայքարում արդյունավետ միջազգային համագործակցությունը բազմակողմ հարթակներում Հայաստանի գերակայությունների թվում է։

Դեսպան Մարգարյանն անդրադարձել է Արցախի ժողովրդի իրավունքների վերականգնման ու պաշտպանության, ինքնորոշման իրավունքի իրականացման կարևորությանը՝ նշելով, որ ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների մասին և Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրերի համաձայն ժողովուրդների ինքնորոշման իրավունքը հանդիսանում է մարդու իրավունքների միջազգային իրավակարգի հիմնարար արժեք։

Նշվել է, որ միջազգային հանրությունը պետք է հաստատակամորեն մերժի ժողովուրդների ազատ ապրելու ձգտումներն ուժի կիրառման միջոցով ճնշելու ցանկացած փորձ՝ որպես մարդու իրավունքների, մասնավորապես ժողովուրդների ինքնորոշման իրավունքի կոպիտ ոտնահարում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել