Կոնգրեսականներ Փալոնն ու Սփիրը խոսել են Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման մասին
10:15 - 02 հոկտեմբերի, 2021

Կոնգրեսականներ Փալոնն ու Սփիրը խոսել են Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման մասին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունում կայացել է ընդունելություն՝ նվիրված Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակին, որին ներկա են եղել ԱՄՆ պետքարտուղարի՝ քաղաքացիական անվտանգության, ժողովրդավարության, մարդու իրավունքների հարցերով տեղակալ Ուզրա Զեյան, կոնգրեսականներ Ֆրենք Փալոնը, Ջեքի Սփիրը, Պետքարտուղարության և այլ պետական կառույցների պաշտոնյաներ, Վաշինգտոնում հավատարմագրված դեսպաններ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ, Հայ Առաքելական եկեղեցու և ամերիկահայ համայնքի ներկայացուցիչներ:

Ընդունելության սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով զոհված զինվորների և քաղաքացիական անձանց հիշատակը: Այնուհետև դեսպան Մակունցն իր ելույթում անդրադարձել է Անկախության 30 տարիների ընթացքում Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին և արձանագրված ձեռքբերումներին՝ առանձնահատուկ կարևորելով վերջին տարիներին ժողովրդավարական արժեքների ամրապնդումը Հայաստանում:

Դեսպանը կարևորել է Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում վերջնական կարգավորումը՝ հիմնված ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա: Նա նաև իր երախտագիտությունն է հայտնել ամերիկյան կողմին՝ այս տարվա հունիսին 15 հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ գործադրած միջնորդական ջանքերի համար:

Ելույթում շեշտադրվել են նաև երկկողմ հարաբերությունների առավել ամրապնդմանն ու խորացմանը միտված քայլերը՝ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում:

Պետքարտուղարի տեղակալ Ու. Զեյան իր ուղերձում անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ ցավակցելով զոհերի ընտանիքներին և ընդգծելով ռազմագերիների ու գերեվարված այլ անձանց վերադարձի անհրաժեշտությունը: Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Զեյան անդրադարձել է նաև Հայաստանում ժողովրդավարության զարգացմանը՝ այս համատեքստում կարևորելով վերջին շրջանի ձեռքբերումները:

Կոնգրեսի՝ հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Փալոնն ու Սփիրը խոսել են երկու երկրների միջև առկա հարաբերությունների ակտիվացման, Արցախյան հիմնահարցի վերջնական կարգավորման մասին՝ կարևորելով միջխորհրդարանական համագործակցությունը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել