Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ տրանսպորտային անվտանգության մասնագետները հոկտեմբերի 1-ին առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տեսուչների հետ հակահամաճարակային կանոնների պահպանման համատեքստում համատեղ դիտարկել են Կենտրոն վարչական շրջանի հասարակական տրանսպորտի աշխատանքը։
Տեսչական մարմնի մասնագետները Խանջյան-Տիգրան Մեծ խաչմերուկի և դրան հարակից կանգառներում ուսումնասիրել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում կատարող 35 տրանսպորտային միջոց։
Վերահսկողական դիտարկման արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմինը Covid-19-ի հակահամաճարակային կանոնների 5 խախտում է հայտնաբերել։ Դրանց հիմքով կազմվել են վարչական արձանագրություններ։
Տեսչական մարմնի փոխանցմամբ՝ վերահսկողության հետ միաժամանակ տեսչական մարմնի մասնագետները շարունակել են կանխարգելիչ, բացատրական և իրազեկման աշխատանքներ իրականացնել, որի նպատակը հանրային տրանսպորտում հակահամաճարակային կանոնների պահպանումն է։
Առաջիկա հանգստյան օրերին ևս հասարակական տրանսպորտը կլինի տեսչական վերահսկողության ներքո։
comment.count (0)