Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև․ Իշխան Սաղաթելյան |hetq.am|
13:16 - 24 սեպտեմբերի, 2021

Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև․ Իշխան Սաղաթելյան |hetq.am|

hetq.am: «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն համոզված է, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Հիշեցնենք, որ վերջինս հայտարարել է, թե Փաշինյանից դրական ազդակներ է ստանում:

«Ինձ համար ակնհայտ է, որ այսօրվա իշխանությունները չեն սպասարկում հայ ժողովրդի և Հայաստանի շահը, Հայաստանին այս պահին սպասվում է թուրքացման գործընթաց: Մենք լրջագույն մտահոգություն ունենք տեղի ունեցող հարցերի առնչությամբ: Դատապարտելի է Փաշինյանի և Էրդողանի սիրախաղը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Սաղաթելյանը:

Սաղաթելյանի խոսքով` երկիրը վտանգի մեջ է, ադրբեջանցիները ՀՀ-ում ոստիկանական անցակետ են դրել, և այս ֆոնին Փաշինյանը գաղտնի բանակցություններ է վարում Թուրքիայի նախագահի հետ:

«Ակնհայտ է, որ գաղտնի կապեր և բանակցություններ կան Հայաստանի և Թուրքիայի միջև, և դա չի բխում Հայաստանի շահերից»,- ասաց նա:

Իշխան Սաղաթելյանը հիշեցրեց Թուրքիայի նախապայմանները, որոնց առկայության պարագայում պատրաստ է վերականգնել Հայաստանի հետ հարաբերությունները` նշելով, որ երեք նախապայմանին ավելացել է նաև չորրորդը` միջանցք Սյունիքով: Մյուս նախապայմաններն են` Արցախից հրաժարում, Ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարում և Թուրքիայի տարածքային ամբողջականության ընդունում:

Ըստ Սաղաթելյանի` խորհրդարանական ընդդիմությունը չի կարող այս առաջնահերթություններն անտեսել և մասնակցել արտահերթ նիստին, որի օրակարգում համայնքերի միավորումն է: Սաղաթելյանը հայտարարեց` գործընթացն ապօրինի է և ունի քաղաքական նպատակ` ազատվել ոչ ցանկալի համայնքների ղեկավարներից: Նա նաև հավելեց` սկսում են փողոցային պայքար, քանի որ կարծում են են՝ միայն խորհրդարանական գործիքակազմը չի կարող երկրի առաջ ծառացած մարտահրավերները լուծել: Հոկտեմբերի սկզբից «Հայաստան» խմբակցության պատգամավորներն այցելելու են Հանրապետության տարբեր համայնքներ` հանդիպելու բնակչության հետ:



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել