Խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, կլինի առնվազն 2 աշխատակից |armenpress.am|
12:30 - 24 սեպտեմբերի, 2021

Խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, կլինի առնվազն 2 աշխատակից |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում նախատեսվող համայնքների խոշորացման արդյունքում համայնքապետարանները չեն փակվի, համայնքապետարանում կաշխատի առնվազն 2 աշխատակից: ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Իհարկե չենք փակում: Բոլոր համայնքապետարաններում առնվազն 2 աշխատակից կլինի՝ մեկը վարչական ղեկավար, մյուսը՝ օպերատոր: Իսկ խոշոր համայնքներում կլինեն 2-ից ավելի աշխատողներ, դա կորոշի համայնքապետն ու ավագանին»,- անդրադառնալով համայնքներից հնչող մտահոգություններին, թե արդյոք փակվելու են համայնքապետարաններն՝ ասաց նա:

Դիտարկմանն՝ արդյոք բյուջեն հավասարաչափ կբաշխվի, Սանոսյանը համոզմունք հայտնեց, որ բյուջեն ոչ միայն արդար, այլ նաև խելամիտ կբաշխվի: Այս խոշորացումը մեծ փուլ է, սակայն, Սանոսյանի համոզմամբ, վարչատարածքային բաժանումը երբեք ավարտ չունի՝ ոչ մի երկրում:

Անդրադառնալով քննարկումներին՝ հետպատերազմյան վիճակում սահմանամերձ շրջաններում ճի՞շտ է խոշորացում անել, ասաց.

«Պատերազմը ցույց տվեց, որ պատերազմից առաջ արդեն իսկ խոշորացված մեր համայնքներն իրենց շատ լավ դրսևորել են: Օրինակ, Գեղարքունիքում՝ Ճամբարակը, Շողակաթը»


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել