Պատվաստված 286 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով,  իսկ նրանցից հոսպիտալացված է 38-ը․ Ավանեսյան
11:54 - 24 սեպտեմբերի, 2021

Պատվաստված 286 քաղաքացի վարակվել է կորոնավիրուսով, իսկ նրանցից հոսպիտալացված է 38-ը․ Ավանեսյան

Երեկ իրականացվել է 6221 թեստավորում, որից դրական դեպքերի թիվը կազմում է 906։ Ցավոք սրտի, երեկ արձանագրվել է 16 մահ։ Այս պահին քովիդով պացիենտների բուժման համար ծավալված են 18 բժշկական կազմակերպություն, 2156 մահճակալ, որից զբաղված է 2006-ը։ Պետք է ասեմ, որ ընդհանուր մեր մահճակալային կարողությունների 85 տոկոսն արդեն ծավալված է, որն այս պահին ծառայում է քովիդ պացիենտների բուժման համար։ Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ աշնան հետ կապված այլ հիվանդություններով ևս առկա է հիվանդացության աճ, ինչը բնական է։ Ուստի լարվածությունը առողջապահական համակարգի վրա բավական մեծ է։ Նախարարի խոսքով վերջին երկու օրերին արձանագրվել է օրական պատվաստումների թվի շեշտակի աճ․ երեկ չէ առաջին օրը իրականացվել է 9924 պատվաստում, իսկ երեկ՝ 8440 պատվաստում։

Ավանեսյնաի կարծիքով թվերի աճը խոսում է այն մասին, որ քաղաքացիների մոտ մեծ փոփոխություն կա պատվաստումների նկատմամբ վստահության մեծացման, որովհետև ընդհանուր առմամբ իրականացված 385․503 պատվաստումների արդյունքում մարդիկ տեսնում են, որ որևէ խնդիր չի առաջանում։ Նախարարը վստահեցրեց, որ պատվաստումները արդյունավետ են, անվտանգ են և պաշտպանում են քովիդով պայմանավորված մահերից և առողջությանը ծանր վնաս հասցնելուց։ 

«Այս պահին մենք ունենք 11470 քաղաքացի, ովքեր ունենք քովիդ թեստի դրական պատասխան, այսինքն սա ակտիվ դեպքերի թիվն է և նրանցից միայն 286-ն է, որ պատվաստված քաղաքացիներն են։ Սա իհարկե շատ բանական է, նորմալ է, որ պատվաստումը 100 տոկոսով չի բացառում վարակման ռիսկը, այդ ռիսկը շեշտակի նվազում է, բայց ամենակարևոր նպատակը, որ այս քաղաքացիները հիվանդությունը տանում են ավելի թեթև։ Ընդհանուր առմամբ 2006 քաղաքացիները, ովքեր հիմա հոսպիտալացված են, նրանցից միայն 38-ն են պատվաստված և այս քաղաքացիները նույպես տանում են շատ ավելի թեթև, նրանց հոսպիտալացման պատճառն այն է, որ ունեն խրոնիկ, բազմաթիվ այլ խնդիրներ, դրա համար, ավելորդ զգուշությունից ելնելով, նրանք գտնվում են հոսպիտալում, որպեսզի հսկողության տակ լինեն»,- հավելեց նախարարը։

Վերջինիս խոսքով Հայաստանում և շատ այլ երկրներում փաստվում է, որ պատվաստումների արդյունքում կտրուկ նվազում է հոսպիտալացման ցուցանիշը և ծայրահեղ ծանր և ծանր դեպքերի համամասնությունը, ինչն էլ հանդիսանում է նախարարության գլխավոր նպատակը։ Նախարարը շեշտեց, որ պետք է ավելացնեն օրական պատվաստվողների թիվը, որեպեսզի հնարավորինս կարճ ժամանակում ձևավորվի հանրային իմունիտետի բավարար շերտ։

«Հույս ունենք, որ այս աշնան ալիքը պետք է վերջինը լինի նման բարձր հոսպիտալացման ցուցանիշներով։ Սա մեր գլխավոր նպատակն է»,- եզրափակեց Ավանեսյանը։ 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես շեշտեց, որ պատվաստվելը 97․5 տոկոսով պաշտպանում է վարակվելուց և 98․2 տոկոսով պաշտպանում է հոսպիտալացումից։ Նա ընդգծեց նաև, որ ավելացվել են կարողությունները․ այսօր արդեն կարողություններ կան մինչև 10․000 քաղաքացու ամեն օր պատվաստելու։

Պատվաստանյութերի արդյունավետությունը․ ի՞նչ է պետք իմանալ


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել