Ֆիզիկական անձը կտուգանվի 10-20 հազար, իրավաբանականը՝ 40-120 հազար դրամով, եթե չներկայացնի ՊՇՌ հետազոտության պատասխանը կամ չլինի պատվաստված․ Աննա Հարությունյան
13:28 - 22 սեպտեմբերի, 2021

Ֆիզիկական անձը կտուգանվի 10-20 հազար, իրավաբանականը՝ 40-120 հազար դրամով, եթե չներկայացնի ՊՇՌ հետազոտության պատասխանը կամ չլինի պատվաստված․ Աննա Հարությունյան

Առաջին անգամ խախտում հայտնաբերելու դեպքում ֆիզիկական անձը տուգանվում է՝ 10-20 հազար դրամով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ տուգանքի չափը 40-120 հազար դրամ է։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը՝ անդրադառնալով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող փոփխություններին։ 

Հիշեցնենք, որ Հոկտեմբերի 1-ից աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ գործատուին պետք է ներկայացնեն ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող՝ առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ կամ լինեն պատվաստված։ Բացառություն են կազմում բացարձակ հակացուցում ունեցող աշխատակիցները և հղիները։

«Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը իր գործառույթները իրականացնում է ստուգումների, ստուգայցերի, վարչական վարույթների միջոցով․ այս պարագայում ստուգայցերի միջոցով է իրականացվելու։ Պետք է ասեմ, որ ստուգայցերը սկսվել են շատ վաղուց․ քովիդի առաջին դեպքերին զուգընթաց՝ մենք կատարել ենք մեր ստուգայցերը, ինչը շարունակվում է մինչ օրս։ Շրջայցերը չեն ընդհատվել, քանի որ անընդհատ կա այդ աշխատանքը իրականացնելու անհրաժեշտությունը։ Այս պարագայում ընդամենը փոփոխություն է իրականացվում առողջապահության նախարարի 17 N հրամանում, այսինքն այն գործառույթները ինչը պահանջվել է գործատուներից, տնտեսվարողներից դա շարունակվելու է, ուղղակի ավելացել են այլ պահանջներ»,- մանրամասնեց Հարությունյանը։

Վերջինս հավելեց, որ ստուգայցերը իրականացվում են նախօրոք՝ մեկ օր առաջ պլանավորելով, այսինքն նախորդ օրը պլանավորվում է, թե որ տնտեսվարողների մոտ պետք է իրականացվեն ստուգայցեր։ Նրա խոսքով՝ առաջին հերթն ներառվում են ռիսկային տնտեսվարողները, եթե տեսչական մարմինը ստանում է տեղեկություն, որ տվյալ կազմակեպությունում կա կորոնավիրուսային հիվանդության 3-ից ավելի դեպք։ Բացի դրանից՝ ընտրվում են նաև ավելի մարդաշատ վայրերը, օրինակ՝ առևտրի կենտրոնները։

Հարությունյանը հավելեց․ «Դա չի նշանակում, որ մյուս կազմակերպությունները չեն վերահսկվելու, ստուգայցերը պատահական են, և որևէ մեկը տեղյակ չէ, թե որ գործատուի մոտ պետք է լինի ստուգայցը, բոլոր պահանջները ստուգվում են, և որևէ պահանջի խախտման դեպքում տնտեսվարողը ենթարկվում է տուգանքի։ Ես միանգամից ուզում եմ նշել, որ տեսչական մարմնի նպատակը ոչ թե տուգանքի որոշում իրականացնելն է, այլ կորոնավիրուսի վարակի կանխարգելումը, որի իրականացման ճանապարհը օրենսդրությամբ սահմանված լիազորությունների կատարումն է։ Դա է պատճառը, որ Տեսչական մարմինը խախտումների հայտնաբերման դեպքում տուգանքի որոշում է իրականացնում։ Մենք կարող ենք մեկ օրվա ընթացքում որևէ կազմակերպություն այցելել 2 անգամ, կախված է նրանից, թե գործատուի մոտ խախտումները քանիսն են»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել