Ի հիշատակ արցախյան բոլոր պատերազմների զոհերի Բուսաբանական այգում հիմնադրվելու է Կյանքի պուրակը. ՀՀ վարչապետի ուղերձը |armenpress.am|
20:47 - 21 սեպտեմբերի, 2021

Ի հիշատակ արցախյան բոլոր պատերազմների զոհերի Բուսաբանական այգում հիմնադրվելու է Կյանքի պուրակը. ՀՀ վարչապետի ուղերձը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության անկախության 30-ամյակին նվիրված՝ Երևանի Հանրապետության Հրապարակում անցկացվող գլխավոր միջոցառմանը ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի ելույթը՝ ամբողջությամբ.

«ՀՀ մեծարգո նախագահ, ԱԺ մեծարգո նախագահ, կառավարության, անվտանգության խորհրդի հարգելի անդամներ, ԱԺ պատգամավորներ, դատական իշխանության հարգելի ներկայացուցիչներ, մեր նահատակների սիրելի ծնողներ, հարազատներ, սիրելի ներկաներ, խնդրում եմ նախ հոտկնկայս, մեկ րոպե լռությամբ հարգենք Հանուն հայրենիքի ու նրա անկախության իրենց կյանքը տված մեր բոլոր նահատակների հիշատակը: Շնորհակալ եմ:

Պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ, նույն կերպ եւ՝ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի, բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեւը, որովհետեւ՝ պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն՝ նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել  հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել  ճակատագրին, հաղթել մահվանը: 

Իսկ ու՞ր մնացին նահատակները:

Նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, նրանք ընկան, որ Արցախը ապրի: Եւ քանի ապրում է Հայաստանը, քանի ապրում է Արցախը՝ նրանք կենդանի են: Երբ զարգանում է Հայաստանի Հանրապետությունը, երբ զարգանում է Արցախը՝ նրանց զոհողությունները հասել են իրենց նպատակին, որովհետեւ խոսքը իրենց զավակների, իրենց եղբայրների ու քույրերի հայրենիքի մասին է, վերջիններիս զավակների հայրենիքի մասին:

Եւ ուզում եմ, որ մենք այսօր տեսնենք մեր նահատակների ներկայությունը մեր կողքին, նրանց տեսնենք որպես կյանքի եւ ոչ որպես մահվան խորհրդանիշ, նրանց դարձնենք ապրելու ու հաղթելու՝ մահվանը հաղթելու, հուսահատությանը հաղթելու, անելանելիությանը հաղթելու խորհրդանիշ ու գրավական:  

Արդեն երկար ժամանակ քննարկում ենք, թե ինչպիսի՞ նախագծով պիտի հավերժացնենք արցախյան բոլոր պատերազմների նահատակների հիշատակը, որ խորհրդանշենք նրանց ներկայությունը, նրանց ապրելը մեր կողքին: Եւ որոշում ենք կայացրել Երեւանի բուսաբանական այգում հիմնադրել Կյանքի պուրակը, Կենաց պուրակը, որտեղ արցախյան բոլոր պատերազմների բոլոր զոհերի կենդանությունն ու ներկայությունը խորհրդանշող ծառեր կտնկվեն, իսկ պուրակի կուլմինացիան կլինի Կենաց ծառը, մեր բոլոր նահատակներին եւ հայրենիքին տված նրանց կյանքը խորհրդանշող:

Դա չի լինելու հուշակոթող, դա լինելու է կենաց պուրակ, որտեղ վազվզելու, աղմկելու, խաղալու են երեխաները, երիտասարդները ժամանց են ունենալու, մեծահասակները ճեմելու են ու զրուցելու, եւ այդ պուրակը լինելու է նրա մասին, որ ահա այդ բոլոր մարդկանց, այս բոլոր մարդկանց՝ Հայաստանի ու Արցախի ապրելու համար են զոհվել նրանք: Եւ Հայաստանի ապրելը, Արցախի ապրելը, խաղաղ ու զարգացող հայոց պետականությունը պիտի դառնա այն հաղթանակը, որ նրանք կերտեցին:

Այստեղ ահա, այս լուսավոր հրապարակի սրտում տեղադրված, Հայոց դրոշներով պարուրված եւ պատվո պահակախմբի կողմից պահպանվող այդ ծառերը կտեղափոխվեն բուսաբանական այգի՝ խորհրդանշելով Հայաստանի Հանրապետության պատմության նոր դարաշրջանի մեկնարկը, խաղաղ զարգացման դարաշրջանի մեկնարկը:

Ապրի՛ր Հայաստան եւ բարձրացիր, ապրի՛ր Արցախ եւ բարձրացիր՝ հանուն նահատակների, որոնք ընկան, որ դու ելնես: Որոնք ընկան, որ դու ելնես:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության անկախության 30-րդ տարեդարձը»:

Առավել մանրամասն՝ armenpress.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել