ԱԱԾ-ն այս պահին միջոցներ է ձեռնարկում՝ Քասախի երկու բնակիչներին վերադարձնելու համար․ՄԻՊ
14:58 - 19 սեպտեմբերի, 2021

ԱԱԾ-ն այս պահին միջոցներ է ձեռնարկում՝ Քասախի երկու բնակիչներին վերադարձնելու համար․ՄԻՊ

Գորիս-Որոտան ճանապարհահատվածից Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչների անհետանալու հարցով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը խոսել է Ազգային անվտանգության ծառայության հետ: Այս մասին հայտնում է ՄԻՊ Արման Թաթոյանը։

«ԱԱԾ-ն մեզ հաստատել է, որ Քասախից մեր հայրենակիցները շեղվել են ճանապարհից ու հայտնվել այնպիսի հատվածում, որ ներկայում գտնվում է ադրբեջանական վերասկողության ներքո:

Կշարունակենք համագործակցել ԱԱԾ մեր գործընկների հետ՝ մեր իրավասության շրջանակում: Կարող եմ հավաստել, որ ԱԱԾ-ն այս պահին ակտիվ միջոցներ է ձեռնարկում՝ մեր հայրենակիցներին վերադարձնելու համար:

Ինքս խոսել եմ անհետացածների ընտանիքների անդամների հետ: Այս քննարկումից էլ է ենթադրվում, որ շեղվել են:

Խոսել եմ նաև Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի հետ: Տեղեկացրել եմ խնդրի մասին, փոխանցել մեր ձեռք բերած տվյալները և խնդրել հարցը պահել անմիջական ուշադրության ներքո:

Եվս մեկ անգամ շեշտում եմ. մենք ինքներս պետք է ստեղծենք մեր իրավունքների պաշտպանության ու անվտանգության երաշխիքներ: Մինչև դա չանենք, այսպիսի դեպքերը չեն վերանալու: Միշտ լինելու է անորոշություն: Գրեթե 1 տարի է, ինչ խնդիրների մասին այդքան զգուշացնում եմ կոնկրետ փաստերով»,- գրել է Արման Թաթոյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել