Իշխանություններն ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը․ Աննա Մկրտչյան
12:05 - 17 սեպտեմբերի, 2021

Իշխանություններն ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը․ Աննա Մկրտչյան

Աշխարհի բոլոր պետությունների համար օրինաչափություն է, որ պետական սահմանն ու հարաբերությունները երրորդ պետության հետ պետք է կարգավորվեն միջազգային եւ երկկողմ փաստաթղթերով։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարություններին, թե «Վարչատարածքային բաժանաման մասին» օրենքով ուրվագծվել են ՀՀ եւ Ադրբեջանի սահմանները․

«Էդ անհեթեթությունը, որ անընդհատ շեշտվում է, թե «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքը պատասխանել է էդ հարցին, ուղղակի աբսուրդ է։ Յուրաքանչյուր օրենքի ընդհանուր դրույթների մասում հստակ սահմանվում է, թե էդ օրենքն ինչին է ուղղված, ինչ է կարգավորում եւ հասարակական հարաբերությունների որ շրջանակն է ամրագրում։ Ես վստահ եմ, էդ օրենքում չեք գտնի մի բառակապակցություն առ այն, որ դրանով կարգավորովում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունները»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է Որոտանի ճանապարհին տեղադրված ադրբեջանական ոստիկանական անցակետի շուրջ քննարկումներին՝ Մկրտչյանը կարծիք հայտնեց, որ խառնաշփոթը միտումնավոր է ստեղծվում․ «Որովհետեւ դեռեւս Սեւ լճի  շուրջ տեղի ունեցող գործողությունների ընթացքում, երբ, իշխանությունների խոսքով, 1000-ից ավելի ադրբեջանցիներ ուղղակի ներխուժել են ՀՀ սուվերեն տարածք, իշխանությունները պնդում էին, որ, այո՛, կա ագրեսիա, որը պետք է համարժեք արձագանք ստանա։ Հիմա իրենք իրենց հռետորաբանությունը ամբողջությամբ փոխել են, անգամ ամենաբարձր մակարդակով օգտագործում են ադրբեջանական տեղանուններ՝ փորձելով եւս մեկ անգամ հիմնավորել ադրբեջանական կեղծարարությունը, որպեսզի ադրբեջանցիները կարողանան հիմք ընդունել նաեւ մեր կառավարության մեջբերումները եւ աշխարհին ներկայանան ոչ թե որպես ագրեսոր, այլ երկու պետություններ, որոնք ունեն սահմանային վեճ։ Դա ամենեւին այդպես չէ․ մենք խնդիր ունենք մեր պետական սահման ներուժած անձանց հետ, եւ հիմա, ըստ էության, պայքար չենք իրականացնում»,- ասաց Աննա Մկրտչյանը։

Լուսանկարը՝ ԱԺ ֆեյսբուքյան էջից



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել