ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճար․ հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու․ Իշխան Սաղաթելյան
12:11 - 17 սեպտեմբերի, 2021

ԱԺ պատգամավորները ստացել են պարգևավճար․ հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու․ Իշխան Սաղաթելյան

Ուզում ենք արձանագրել, որ անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ և ունենում է նորանոր դրսևորումներ։ Շաբաթվա կարևոր և գլխավոր թեման Գորիս- Կապան ստրատեգիական և ռազմավարական ճանապարհում Ադրբեջանի կողմից ոստիականական անցակետի տեղադրումն է։ Հիշում եք, որ հենց նստաշրջանը սկսելուց անմիջապես հետո մենք հայտարարեցինք՝ պահանջում ենք, որ ԱԱԾ տնօրենը և պաշտպանության նախարարը գան Ազգային ժողով, տեղի ունենա փակ նիստ և այդ թեմայով քննարկում։ Այս պահին արձանագրենք, որ շաբաթն ավարտվում է, և չնայած կար համաձայնություն իշխող խմբակցության, ԱԺ նախագահության կողմից, բայց այդ հանդիպումը դեռ տեղի չի ունեցել։ Այս մասին այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։ 

Վերջինիս խոսքով իշխանությունները ի վիճակի չեն սպասարկել հայ ժողովրդի և ՀՀ շահերը և ստեղծված իրավիճակում հարցի լուծման փոխարեն հայտարարում են, որ այդ տարածքները ադրբեջանական են, ինչը, ըստ «Հայաստան» խմբակցության, պետական դավաճանության դասական օրինակ է։

«Երկրորդ հայտարարությունը, որ ուզում եմ անել, այն է, որ քիչ առաջ առանց մեր իմացության, տեղեկացանք, որ ԱԺ պատգամավորները, այդ թվում ընդդիմադիր պատգամավորները ստացել են պարգևավճար։ Շատ մանրամասներ չգիտենք, որովհետև րոպեներ առաջ է տեղի ունեցել։ Ենթադրում ենք, որ դա Անկախության տոնին է նվիրված։ Սա անընդունելի է, «Հայաստան» դաշինքի անունից հայտարարում ենք, որ այդ պարգևավճարներից չենք օգտվելու, դա անընդունելի և դատապարտելի է, երբ երկրում կան սոցիալական ծանր խնդիրներ, կան 10․000-ից ավելի վիրավորներ, հաշմանդամներ և այս իրավիճակում շարունակում են պետական պաշտոնյաները այդ թվում ԱԺ պատգամավորները ստանալ պարգևավճար»,- հավելեց Սաղաթելյանը։

Պատգամավորն ընդգծեց, որ իրենք, հավատարիմ մնալով իրենց նախընտրական ծրագրին և նախընթաց ժամանկահատվածում արված հայտարարություններին, այդ գումարից չեն օգտվելու։ Գումարը կա՛մ կվերադարձնեն պետական բյուջե, կա՛մ Հայաստանի սահմանամերձ մարզերում այդ գումարով կիրականացնեն որևէ ծրագիր։ Պատգամավորը տեղեկացրեց, որ խմբակցությունը պատրաստվում է պարգևատրման գործող ինստիտուտի հետ կապված բողոք ներկայացնել Սահմանադրական դատարան, քանի որ գտնում են, որ առանց չափորոշիչների պարգևատրումներ իրականացնելը ապօրինի գործընթաց է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել