Վիլեն Գաբրիելյանին առնչվող տեղեկություններում, որոնք արձանագրել էր ՄԻՊ-ը, հանցագործության դեպքի բացակայության հիմքով գործ չի հարուցվել
19:32 - 14 սեպտեմբերի, 2021

Վիլեն Գաբրիելյանին առնչվող տեղեկություններում, որոնք արձանագրել էր ՄԻՊ-ը, հանցագործության դեպքի բացակայության հիմքով գործ չի հարուցվել

Լուսանկարները՝ խորհրդարանի կայքից եւ ֆեյսբուքյան էջից

Այս ամսվա սկզբին քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, թե այսօր Հայաստանում գործող անարդարադատությունը շարունակում է ապօրինի կերպով կալանքի տակ պահել «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանին մի մեղադրանքով, ինչի մեջ ՄԻՊ-ն իր զեկույցում մեղադրել է ՔՊ-ական Վիլեն Գաբրիելյանին: Մարգարյանի այս գրառումը տարածել էին մի շարք լրատվական կայքեր։

Խոսքը այս տարվա հունիսի 18-ին հրապարակված՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հունիսի 17-ի եւ «Հայաստան» դաշինքի հունիսի 18-ի եզրափակիչ հավաքներին մասնակցության առնչությամբ վարչական ռեսուրսի չարաշահման՝ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքները» վերտառությամբ Պաշտպանի հայտարարության մասին է։ 

ՄԻՊ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է, որ Պաշտպանի աշխատակազմին ներկայացվել են տեղեկություններ այն մասին, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Վիլեն Գաբրիելյանը (այժմ՝ ՔՊ խմբակցության պատգամավոր,- հեղ․): Համաձայն հայտարարության՝ ըստ ՄԻՊ աշխատակազմի ձեռք բերած տվյալների՝ Վ. Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: Ըստ տեղեկությունների՝ նա նաեւ տնօրենին հրահանգներ է տվել, թե ինչ պատասխանել այլ մարմինների ու լրատվամիջոցների՝ տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ:

Պաշտպանի հայտարարության մեջ նշված էր նաեւ, որ հատուկ ուսումնասիրվել են շրջանառված տեսանյութերը, որոնցով պնդումներ են արվում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքին «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտների ու աշխատակիցների, ինչպես նաեւ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցներին մասնակցելուն հարկադրելու վերաբերյալ: Պաշտպանի հանձնարարությամբ՝ հունիսի 18-ին տեղի են ունեցել չհայտարարված այցեր այդ հոգեբուժական կազմակերպություններ: Եւ պարզվել է, որ Կենտրոնի պացիենտները հավաքին չեն մասնակցել: Փոխարենը՝ պարզվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին. խոսքը օրվա հերթափոխն ավարտած աշխատակիցների մասին է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարանի աշխատակիցների հարկադրական մասնակցության դեպքեր չի հայտնաբերել: Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ չհայտարարված այցի ընթացքում հունիսի 17-ի հավաքին խնամյալների մասնակցության փաստեր չեն արձանագրվել: Այստեղ, ըստ ՄԻՊ-ի հայտարարության, նույնպես արձանագրվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին:

ՄԻՊ-ի ներկայացրած այս տեղեկությունների համատեքստում քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն իր գրառման մեջ նշել է, որ Վիլեն Գաբրիելյանին որեւէ մեղադրանք չի առաջադրվել, եւ նա ՔՊ խմբակցության կազմում մասնակցում է ԱԺ-ի նիստերին: Մարգարյանը գրել է, որ Հայաստանի գլխավոր դատախազի ուշադրությանն է հանձնում ՄԻՊ-ի զեկույցի այդ հատվածը։

Infocom-ը ՀՀ գլխավոր դատախազությունից գրավոր հարցմամբ տեղեկացավ, որ դեռեւս հունիսին ՄԻՊ հայտնած տեղեկությունները, այդ թվում՝ Վիլեն Գաբրիելյանի ենթադրյալ գործողությունների վերաբերյալ, ուսումնասիրվել են։

Մեր հարցերին ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի դատախազին է ուղարկվել նաեւ ԱԺ արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում ՀՀ վարչապետի պաշտոնակատարի կազմակերպած հանրահավաքին «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների մասնակցությունն առերեւույթ հարկադրաբար ապահովելու վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցի հաղորդումը՝ սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու հանձնարարություն տալու համար:

ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրությունը, որով հայտնվել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենի կողմից «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ»-ի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգելու, ինչպես նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին ու լրատվամիջոցների՝ տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցության մասին հրապարակված տեսանյութի առնչությամբ պատասխան ներկայացնելու վերաբերյալ հրահանգներ տալու փաստը կրկին ուղարկվել է Գեղարքունիքի մարզի դատախազին՝ նախապատրաստվող հիշյալ նյութերի հետ համատեղ ընթացքը լուծելու նպատակով:

Նյութերի նախապատրաստմամբ, սակայն, ինչպես հայտնել են Դատախազությունից, վկայակոչված հանգամանքները չեն հաստատվել: Մասնավորապես, «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տնօրենը եւ աշխատակիցները, ինչպես նաեւ «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրենը տրված բացատրություններով հերքել են դրանցում տեղ գտած հանգամանքները, իսկ դեպքի մանրամասները պարզելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք չեն տվել: Ուստի 2021թ. հունիսի 29-ին նախապատրաստված նյութերով որոշվել է մերժել քրեական գործի հարուցումը՝ հանցագործության դեպքի բացակայության հիմքով։

Ինչ վերաբերում է 2021թ. հունիսի 17-ին կայացած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հանրահավաքին «Սեւան» հոգեկան առողջության կենտրոնի անձնակազմի մասնակցության վերաբերյալ տվյալներին, ապա, ինչպես հայտնել են Դատախազությունից, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկման արդյունքներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության Սեւանի բաժին՝ ստուգողական գործողություններ կատարելու հանձնարարությամբ: Կատարված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում նշված հանգամանքները չեն հիմնավորվել։

Պաշտպանի արձանագրած մյուս դրվագը վերաբերում է «Հայէկոնոմբանկի» տնօրինության ենթադրյալ հրահանգներին։ Ըստ հայտարարության, հրապարակումներ կան այն մասին, որ բանկի տնօրինության հրահանգների հիման վրա կազմակերպվել է աշխատակիցների կազմակերպված մասնակցությունը հունիսի 17-ի հավաքին: «Հայէկոնոմբանկի» վերաբերյալ 1 ահազանգ է ներկայացվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ առանձին՝ մտավախություն հայտնելով հավաքին չմասնակցելու համար հնարավոր խնդիրների մասին:

Դատախազությունից մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ «Հայէկոնոմբանկի» աշխատակիցներին ստիպողաբար ՔՊ ցույցին տանելու վերաբերյալ սոցիալական ցանցում 17.06.2021թ. հրապարակված տեղեկությունը ՀՀ դատախազությունը նույն օրն ուղարկել է ՀՀ ոստիկանության Կենտրոնի բաժին՝ ստուգման նպատակով: Դրա շրջանակներում հարցման են ենթարկվել բանկի աշխատակիցները, կառավարիչը, որոնք հայտնել են, որ իրենց կամքով են գնացել հանրահավաքի, իրենց որեւէ մեկը չի ստիպել: Բացատրություն է տվել տեղեկությունը հրապարակած անձը, որը, սակայն, ըստ Դատախազության, որեւէ կոնկրետ տվյալ չի տրամադրել: Նկատի առնելով, որ ձեռնարկված միջոցառումների արդյունքում տեղեկությունը չի հաստատվել՝ այն թողնվել է անհետեւանք։

Այսպիսով, քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի ձեւակերպումը, թե Մարդու իրավունքների պաշտպանը մեղադրել է այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին, առնվազն խնդրահարույց է, քանի որ Պաշտպանը միայն արձանագրել է իրեն հայտնի դարձած տեղեկությունները եւ իրավապահների ուշադրությունն է հրավիրել ենթադրյալ ապօրինության վրա, այլ ոչ թե հանցագործության մեջ մեղադրել որեւէ անձի։ Բացի դրանից՝ Դատախազությունից հայտնել են, որ դեռ հունիսին՝ մինչեւ քաղաքագետի գրառումն են ուսումնասիրել ՄԻՊ-ի եւ լրատվամիջոցների հայտնած տեղեկությունները, սակայն նյութերի նախապատրաստման ընթացքում հանցագործության դեպք չի հայտնաբերվել, այդ պատճառով գործ չի հարուցվել։ Այսինքն՝ քրեական գործի հարուցման համար փաստական բավարար տվյալները բացակայել են, ուստի Գաբրիելյանին մեղադրանք չէր կարող առաջադրվել։

Իսկ ինչ վերաբերում է «Հայաստան» դաշինքի 20-րդ համար Արմեն Չարչյանի մեղադրանքին՝ նշենք, որ այս տարվա հունիսի 18-ին Հատուկ քննչական ծառայությունը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով քրեական գործ էր հարուցել Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող ձայնագրության փաստով։ Իսկ ձայնագրությունում լսվում էր Չարչյանի ձայնը, երբ նա բժշկական կենտրոնի աշխատակիցներին հայտնում էր, թե ինքը որ քաղաքական ուժի ցուցակում է եւ պարտադրում անպայման մասնակցել ընտրություններին։ Լսվում է նաեւ, թե նա ինչպես է աշխատակիցներին զգուշացնում, որ ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։ Հունիսի 21-ին Չարչյանը քրեական գործում որպես մեղադրյալ է ներգրավվել, նա չի ընդունում առաջադրված մեղադրանքը՝ պնդելով, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել