Կենտրոնական բանկը վերանայել է 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը |civilnet.am|
16:44 - 14 սեպտեմբերի, 2021

Կենտրոնական բանկը վերանայել է 2021-ի տնտեսական աճի կանխատեսումը |civilnet.am|

civilnet.am:  2021-ին Հայաստանի տնտեսական աճի ընթացիկ զարգացումները գնահատվում են սպասվածից ավելի դրական․ Կենտրոնական բանկն այս տարվա համար կանխատեսում է 5,4 տոկոս տնտեսական աճ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

«Կենտրոնական բանկն այս տարվա համար նախկինում կանխատեսել էր 4,6 տոկոս տնտեսական աճ։ Ներկայումս կանխատեսում ենք ավելի բարձր տնտեսական աճի ցուցանիշ՝ 5,4 տոկոս։ Դա պայմանավորված գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերի ավելի մեծ աճերով։ Այս ոլորտներում ունենք առաջանցիկ աճ, որն իր հերթին նպաստում է ավելի բարձր տնտեսական աճին»,- նշեց Գալստյանը։

Կենտրոնական բանկն արդեն երկրորդ անգամ է վերանայում տնտեսական աճի կանխատեսումը։ ԿԲ-ի մարտի 16-ի կանխատեսման համաձայն՝ 2021–ի տնտեսական աճը գնահատվել էր 1,4 տոկոս, այն վերանայվել էր հունիսի 15-ին՝ 4,6 տոկոս, իսկ այժմ կենտրոնական դրամատուն տնտեսական աճի կանխատեսումը հասցրել է 5,4 տոկոսի։

Հայաստանի 2021թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծով տնտեսական աճը գնահատվում է 3,2 տոկոս։ Իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս տարվա համար խոստանում է երկնիշ տնտեսական աճ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել