Երևանի ավագանին հավանություն տվեց վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին |armenpress.am|
15:59 - 14 սեպտեմբերի, 2021

Երևանի ավագանին հավանություն տվեց վթարային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագրին |armenpress.am|

armenpress.am: Երևանի ավագանին 7-րդ նստաշրջանի 1-ին նիստին հավանության արժանացրեց մայրաքաղաքում վթարային տեխնիկական վիճակ ունեցող շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու ծրագիրը։

Նախագիծը ներկայացրեց Երևանի փոխքաղաքապետ Սերգեյ Ներսիսյանը։

«Երևան քաղաքում քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային լինելու վերաբերյալ եզրակացություններ են տրվել Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 (հանրակացարան), Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 (սպորտային մասնաշենք), Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10/1, Վարդաշեն 6-րդ փողոց հ. 68ա, Վարդաշեն փողոց հ. 66/1 հանրակացարանային և Ե.Կողբացու հ. 41, Շիրակի հ. 60, Արզումանյան հ. 10, Արզումանյան հ. 12 (թվով 2 մուտք), Արզումանյան հ. 17/3 (3-րդ մուտք) և Ֆուչիկի հ.23 հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերին: Գործող օրենսդրության շրջանակներում, Երևանի քաղաքապետարանի կողմից մասամբ իրականացվել է Արցախի 4-րդ նրբանցքի հ. 10 հասցեում գտնվող քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքի և սպորտային մասնաշենքի վերաբնակեցման գործընթացը։ Երևան համայնքի տրամադրության տակ գտնվող առկա բնակարանային ֆոնդը հնարավորություն չի տալիս ամբողջությամբ ավարտին հասցնել նշված շենքերի բնակիչների վերաբնակեցումը: Վերը նշված հասցեներում գտնվող բազմաբնակարան շենքերում բնակվող ընտանիքների վերաբնակեցման համար ընդհանուր առմամբ պահանջվում է շուրջ 340 բնակարան»,- նշեց Ներսիսյանը։

Նա հայտնեց, որ ներկայում միայն Արցախի 4-րդ նրբանցքի քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչներին վերաբնակեցնելու գործընթացն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է լրացուցիչ շուրջ 2000 քառ. մետր մակերեսով բնակելի ֆոնդ: Հաշվարկներն իրականացվել են 1 քառ. մետրի համար միջինացված շուկայական արժեքով՝ 250 մլն դրամի հաշվարկով:

«Սրանով իսկ ներկա փուլում որոշ չափով կլուծվեն անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակարանային ֆոնդի բնակիչների վերաբնակեցման, նրանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի կանխման, նոր բնակարանային ֆոնդի ստեղծման օրակարգային հարցերն ու խնդիրները: Արցախի 4-րդ նրբանցքի քանդման ենթակա 4-րդ կարգի վթարային հանրակացարանային շենքերի բնակիչների վերաբնակեցման ծրագրում նախնական հաշվառված է 64 ընտանիք»,- ասաց Երևանի փոխքաղաքապետը:

Որոշումն ընդունվեց 39 «կողմ» ձայներով։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել