Երեւանի քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկվել «Ֆիզգոռոդոկում» շինարարության հարցով ակցիա իրականացնող  4 քաղաքացի
14:05 - 14 սեպտեմբերի, 2021

Երեւանի քաղաքապետարանի մոտից բերման է ենթարկվել «Ֆիզգոռոդոկում» շինարարության հարցով ակցիա իրականացնող 4 քաղաքացի

Երեւանի քաղաքապետարանի մոտ «Ֆիզգոռոդոկում» շինարարության հարցով ակցիա իրականացնող 4 քաղաքացի է բերման ենթարկվել Ոստիկանություն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարքի համար, այն է՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը։ Այս մասին Infocom-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։ 

«Ֆիզգոռոդոկի» բնակիչներն ու նրանց աջակիցներն այսօր կեսօրից ակցիա են իրականացնում Երեւանի քաղաքապետարանի դիմաց։ Վերջիններս պահանջում են, որ քաղաքապետն ու ավագանու անդամները հանդիպեն բնակիչների հետ, լսեն նրանց պահանջը, այն է՝ տրամադրել ՀՀ հողային օրենսգրքի սահմանափակումների մասին տեղեկանք եւ մի շարք այլ փաստաթղթեր, կասեցնել շինարարության ընթացքը (Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածում նշված է, որ արգելվում է քաղաքացիներին եւ իրավաբանական անձանց սեփականության իրավունքով փոխանցել պետական եւ համայնքային սեփականություն հանդիսացող այն հողամասերը, որոնք բնակավայրերում ընդհանուր օգտագործման հողեր են (հրապարակներ, փողոցներ, ճանապարհներ, գետափեր, զբոսայգիներ, պուրակներ, այգիներ, լողափեր եւ ընդհանուր օգտագործման այլ տարածքներ),- հեղ․

«Ավագանու անդամներից պահանջում ենք դուրս գալ, մեր պատրաստած փաստաթուղթը փոխանցել քաղաքապետին ու ասել, որ չենք հեռանալու՝ առանց շինարարության կասեցման որոշման։ Քաղաքապետը պետք է իջնի ու կատարի պահանջը, որպեսզի հացադուլ իրականացնող քաղաքացիների կյանքին վտանգ չսպառնա»։

Քաղաքացիները տեղեկացրել են նաեւ, որ իրենց ակցիայի արդյունքում քաղաքապետարանի մոտ երթեւեկությունը կաթվածահար է։ 

«ՖիզԳորոդոկ Երեւան» ֆեյսբուքյան էջում (էջում թարմացումներ են անում թաղամասի բնակիչները,- հեղ․), հրապարակված տեսանյութերից տեղեկանում ենք, որ ոստիկանությունը բերման է ենթարկել ակցիա իրականացնող քաղաքացիների։ 

«Երուանի ժառանգության պաշտպանության կոմիտե» նախաձեռնության անդամ Իզաբելա Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ բերման ենթարկվածներից են Գարիկ Միսկարյանն ու Արտեմ Սադոյանը։ 

Հիշեցնենք, որ երեկ «Ֆիզգոռոդոկի» բնակիչները հայտնել էին, որ սեպտեմբերի 14-ին ժամը 11-ին քաղաքացիները հավաքվելու են Կենտրոն ու Նորք Մարաշ շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ քննվելու էր բնակիչների բողոքարկումը՝ նախկինում քրեական գործ չհարուցելու վերաբերյալ։ Այդ գործի` ժամանակին հարուցվելու դեպքում հնարավոր կլիներ կանխել ապօրինի շինթույլտվության տրամադրումն ու շինաշխատանքների մեկնարկը։ 

Երեկ քաղաքացիները ներկայացրել էին իրենց պահանջները․

«Մեր պահանջը Երուանի քաղաքապետարանից նույնն է՝ անհապաղ կասեցնել ապօրինի շինարարությունը, տրամադրել մի տարի շարունակ պահանջվող փաստաթուղթը, վերացնել ապօրինի տեղադրված պարիսպը։ Ավագանու անդամներից ակնկալում ենք դուրս գալ ու հանդիպել քաղաքացիներին, մեր բողոքը հնչեցնել նիստի ընթացքում ու ստանալ կոնկրետ պատասխաններ, անել հանրային հայտարարություն՝ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ»։
 
Հիշեցնենք, որ թաղամասի երկու բնակիչ արդեն 20 օր է՝ հացադուլ են հայտարարել, նրանցից մեկը երեկ անցել է ջրադուլի։
 
Այս թաղամասում խնդրահարույց շինարարության ու բնակիչների բողոքի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ այս հոդվածում։
 
Ասպրամ Փարսադանյան



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել