Ադրբեջանական կողմը փորձում է Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հստակեցման հարցը եռակողմ ձևաչափից տեղափոխել երկկողմ ձևաչափ․ ՀՀ ԱԳՆ
16:33 - 13 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանական կողմը փորձում է Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հստակեցման հարցը եռակողմ ձևաչափից տեղափոխել երկկողմ ձևաչափ․ ՀՀ ԱԳՆ

Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևը օրերս հարցազրույց էր տվել BBC-ի ադրբեջանական ծառայությանը՝ հայտարարարելով, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, իսկ ռուս խաղաղապահներն այնտեղ տեղակայվել են ժամանակավոր։

Հաջիևն ասել էր, որ նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը սահմանել է խաղաղապահ ուժերի տեղակայման քաղաքական և որոշ չափով իրավական շրջանակները։

«Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնություններին ու հավելյալ իրավական մեխանիզմներին, ապա կողմերի միջև այդ հարցի վերաբերյալ նախնական շփումներ եղել են, և որոշակի քննարկումներ դեռ շարունակվում են»,- նշել էր նա:

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ավելի վաղ` «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, հայտնել էր․ «Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը։   Այս համատեքստում պետք է դիտարկել նաև խաղաղապահների պատասխանատվության գոտիներում հայ զինծառայողների գերեվարման դեպքերը»։

Infocom-ը ՌԴ խաղաղապահ առաքելության մասին ՀՀ ԱԳ նախարարի և Ալիևի խորհրդականի հայտարարությունների վերաբերյալ հարցեր էր ուղղել վարչապետ Նիկոլ Փաշինյաին։ Վարչապետի աշխատակազմը մեր հարցումը վերահասցեագրել էր արտգործնախարարություն։ Մեր հարցերն ու ԱԳՆ-ի պատասխանները ներկայացնում ենք ստորև։

Infocom․  «Հաջիևը BBC-ին տված հարցազրույցում խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնությունների և իրավական մեխանիզմների վերաբերյալ կոնկրետ ի՞նչ շփումների և քննարկումների մասին է խոսում:

Այդ շփումների մասնակից կողմներն ովքե՞ր են, արդյո՞ք Հայաստանը մասնակցում է այդ շփումներին և քննարկումներին»։

ԱԳՆ․ «Այս փուլում եռակողմ ձևաչափով չի քննարկվում Արցախում ռուսական խաղաղապահների մանդատի հարցը, քանի որ ինչպես արդեն նշել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Ադրբեջանը ոչ միայն մինչ օրս չի ստորագրել խաղաղապահների մանդատը, այլև ուժեղ հակաքարոզչություն է իրականացնում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ առաքելության դեմ: Ավելին, Ադրբեջանը փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը»:

Հաջիևը, հիշեցնենք, հայտարարել է, որ ռուս խաղաղապահների մանդատի շուրջ հավելյալ համաձայնությունների ու իրավական մեխանիզմների վերաբերյալ կողմերի միջև նախնական շփումներ եղել են։ Իսկ ՀՀ ԱԳՆ-ն ասում է, որ Արցախում ռուսական խաղաղապահների մանդատի հարցը եռակողմ ձևաչափով չի քննարկվում։ Այսպիսով, ԱԳՆ-ի պատասխանից կարող ենք եզրակացնել, որ Հաջիևի նշած շփումները եղել են միայն ռուսական և ադրբեջանական կողմերի միջև։

Infocom․ «Եթե Հայաստանը մասնակցում է շփումներին և քննարկումներին, ապա ո՞ր պաշտոնատար անձն է մասնակցում Հայաստանից, եթե ոչ, ինչո՞ւ Հայաստանը չի մասնակցում։

Հաջիևի նշած հավելյալ համաձայնություններն ու իրավական մեխանիզմները լինելու են բանավոր պայմանավորվածությունների հիման վրա՞, թե՞ որևէ փաստաթուղթ է ստորագրվելու, եթե փաստաթուղթ է ստորագրվելու, ապա ի՞նչ փաստաթղթի մասին է խոսքը»։

ԱԳՆ․ «Ադրբեջանական կողմը փորձում է ռուսական խաղաղապահների ներկայությունը Արցախում ներկայացնել որպես ադրբեջանական կողմի «բարի կամքի» դրսևորում, ինչն արտացոլված է նաև Ձեր կողմից հիշատակվող ադրբեջանական պաշտոնյայի հարցազրույցում, երբ վերջինս պնդում է, որ «Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ Ադրբեջանի ինքնիշխան տարածք է»: Այսպիսով ադրբեջանական կողմը փորձում է Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հստակեցման հարցը եռակողմ ձևաչափից տեղափոխել երկկողմ ձևաչափ, ինչը հակասում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության տրամաբանությանը և հերթական անգամ ի ցույց է դնում Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումը տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հասնելու ուղղությամբ ներգրավված այլ կողմերի ջանքերին»:

Infocom․ «Հայաստանը, Ռուսաստանը և Ադրբեջանը քննարկումներ ունեցե՞լ են/այս պահին ունե՞ն Արցախում ռուս խաղաղապահների առաքելության 5-ամյա ժամկետը երկարաձգելու հարցով, եթե այո, ապա ի՞նչ կոնկրետ արդյունքներ են տվել այդ քննարկումները»։

ԱԳՆ․ «Հայաստանի և ՌԴ իրավասու գերատեսչությունների միջև տարբեր մակարդակներով ընթանում են քննարկումներ ռուսական խաղաղապահների առաքելության հարցերի, ինչպես նաև Արցախում մեր հայրենակիցների անվտանգության երաշխավորման համար գործողությունների շրջանակի վերաբերյալ:

Ինչպես արդեն նշվեց, այս պահին եռակողմ ձևաչափով ռուսական խաղապահների մանդատի շուրջ բանակցություններ չեն ընթանում: Համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ խաղաղապահ զորակազմի տեղակայման 5-ամյա ժամկետն ինքնաբերաբար երկարաձգվում է, եթե կողմերից մեկը նախապես չհայտարարի այդ դրույթի իրականացումը դադարեցնելու իր մտադրության մասին»:

Infocom․ «ՀՀ ԱԳ նախարարի խոսքով՝ Ադրբեջանը մշտապես փորձում է կասկածի տակ դնել խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը: Ադրբեջանը կոնկրետ ի՞նչ քայլերով է ցույց տվել խաղաղապահ առաքելության նպատակատահարմարությունն ու արդյունավետությունը կասկածի տակ դնելը: Արդյո՞ք ադրբեջանական կողմը Հայաստանին կամ այլ կողմի հայտնել է, որ չի ցանկանում երկարաձգել Արցախում ռուս խաղաղապահների առաքելության 5-ամյա ժամկետը»:

ԱԳՆ․ «Ադրբեջանի՝ խաղաղապահ առաքելության նպատակահարմարությունն ու արդյունավետությունը կասկածի տակ դնելու մոտեցման մասին են վկայում խաղաղապահների պատասխանատվության գոտիներում հայ զինծառայողների գերեվարման դեպքերը, շփման գծին մոտ տեղակայված Արցախի բնակավայրերի ուղղությամբ կրակոցները, շփման գծի երկայնքով լարվածության օջախներ ստեղծելու փորձերը, Հայաստանի սահմանների ու Արցախի՝ ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտու և Լաչինի միջանցքի  մերձակայքում թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացումը»:

Infocom․ «Հայաստանը դիտարկո՞ւմ է, բացի ռուս խաղաղապահներից, այլ երկրների/միջազգային կառույցների խաղաղապահների տեղակայումը Արցախում, եթե այո, ապա ո՞ր երկրի/միջազգային կառույցի մասին է խոսքը: 

Արդյո՞ք Արցախում այլ երկրների/միջազգային կառույցների խաղաղապահների հնարավոր տեղակայման վերաբերյալ Հայաստանի և այ կողմերի միջև քննարկումներ եղել են, եթե այո, ապա ո՞ր կողմերի հետ են քննարկումներ եղել»:

ԱԳՆ․ «Հայաստանը չի դիտարկում այլ երկրների կամ միջազգային կառույցների խաղաղապահների տեղակայման հնարավորությունը Արցախում»:

Այսպիսով, ԱԳՆ-ի պատասխաններից կարող ենք երեք կարևոր կետ առանձնացնել․

  • այս փուլում եռակողմ ձևաչափով չի քննարկվում Արցախում ռուսական խաղաղապահների մանդատի հարցը, 
  • ադրբեջանական կողմը փորձում է Արցախում ռուս խաղաղապահների մանդատի հստակեցման հարցը եռակողմ ձևաչափից տեղափոխել երկկողմ ձևաչափ, 
  • Հայաստանը չի դիտարկում այլ երկրների կամ միջազգային կառույցների խաղաղապահների տեղակայման հնարավորությունը Արցախում:

Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել