Որոտանում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները իրանցի վարորդներից 130 դոլար են պահանջում |civilnet.am|
13:35 - 13 սեպտեմբերի, 2021

Որոտանում տեղակայված ադրբեջանցի ոստիկանները իրանցի վարորդներից 130 դոլար են պահանջում |civilnet.am|

civilnet.am: Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական կետի ծառայողները իրանական բեռնատարների վարորդներից պահանջում են կանխիկ 130 դոլար վճարել՝ իրենց տարածքով անցնելու համար։ Այս մասին Սյունիքից հայտնում է ՍիվիլՆեթի թղթակից Գևորգ Թոսունյանը, որը զրուցել է իրանցի վարորդների հետ։

«Իրանցի վարորդները մեզ հայտնեցին, որ ադրբեջանցի ոստիկանները կանգնեցրել են իրենց և տեղեկացրել, որ իրենք մուտք են գործել ադրբեջանական տարածք։ Ադրբեջանցիները յուրաքանչյուր վարորդից պահանջել են 130 դոլար վճարել։ Այն բանից հետո, երբ վարորդներն ասել են, որ գումար չունեն, ադրբեջանցի ոստիկանները վերցրել վարորդների անձնագրի ու մեքենայի տվյալները և ասել՝ վերադառնալիս պետք է արդեն վճարված լինեն գումարները»,- պատմում է ՍիվիլՆեթի թղթակիցը։

Գևորգ Թոսունյանը հայտնեց, որ Կարմրաքարի, ինչպես նաև Որոտանի մոտ ադրբեջանցիները տեղադրել են եռալեզու մեծ ցուցանակ՝ «Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք» գրությամբ։

Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել էր, որ սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ից, Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»,- հայտնել էր ԱԱԾ-ը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել