Ադրբեջանն ամենատարբեր նկատառումներով կարող է Գորիս-Կապան ճանապարհը վերջնականապես փակել և լուրջ խնդիրներ ստեղծել․ Տիգրան Աբրահամյան
12:57 - 11 սեպտեմբերի, 2021

Ադրբեջանն ամենատարբեր նկատառումներով կարող է Գորիս-Կապան ճանապարհը վերջնականապես փակել և լուրջ խնդիրներ ստեղծել․ Տիգրան Աբրահամյան

Գորիս-Կապան միջպետական մայրուղու Քարահունջ-Որոտան տեղամասում ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայումը գալիս է լրացնելու ավելի վաղ այդ հատվածում քարի արգելապատնեշների տեղակայմանը, ինչը ստիպում է այդտեղով երթևեկող վարորդների էապես սահմանափակելու արագությունը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
 
Նա հիշեցրել է, որ բետոնե արգելապատնեշներ տեղակայվել է նաև նույն մայրուղու Շուռնուխ-Կարմրաքար տեղամասում, և նշել, որ չի բացառվում՝ այդտեղ էլ ադրբեջանական ոստիկանական կետ կտեղակայվի։
 
«Այս թեմայի հետ կապված ուշագրավ է Սյունիքի մարզպետի այն հայտարարությունը, թե «ռուս և ադրբեջանցի սահմանապահներն են այդ հատվածում հսկողություն իրականացնում»։ Ինչպիսի՞ հսկողություն են իրականացնում այդ հատվածում ռուս և ադրբեջանցի սահմանապահները, որն է դրանում Ադրբեջանի դերը և իրականում ի՞նչ վերջնանպատակ է ենթադրում։
 
Հարցեր, որոնք պատասխաններ այս պահին չունեն, սակայն շատ կարևոր կլինեին հասկանալու, թե առաջիկայում ինչ նոր մարտահրավերների առաջ ենք կանգնելու Ադրբեջանցիների՝ այդ հատվածում ակտիվությունը ստիպում է մտածել, որ կա նախապես գծված սցենար և ադրբեջանցիները շարժվում են դրանով, որից ամենայն հավանականությամբ տեղյակ են նաև հայաստանյան իշխանությունները։
 
Արդյո՞ք Հայաստանի քաղաքացին ունի երաշխիք, թե ինչ-որ մի օր Ադրբեջանն այդ հատվածներում անձնագրային կամ մեկ այլ տիպի ռեժիմ չի սահմանի, իհարկե չունի։
 
Դեռ չեմ խոսում այն մասին, որ Ադրբեջանն ամենատարբեր նկատառումներով կարող է այդ ճանապարհը վերջնականապես փակել և լուրջ խնդիրներ ստեղծել։
Իսկ դրանք միայն անվտանգային սպառնալիքներով չի սահմանափակվելու։
Իշխանությունն այս սպառնալիքներին հակադրում է արդեն իսկ տարբեր առիթներով հնչեցրած գիծը՝ դա ադրբեջանական տարածք է, ինչ ուզում անում են։
Իսկ թե այդ ամենի հետևանքով Հայաստանն ինչ նոր վտանգների առաջ է կանգնում, իշխանությանը ոչ միայն չի հուզում, այլ այդ ուղղությամբ համարժեք քայլեր չեն իրականացվում»,- գրել է Աբրահամյանը։



Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել