Փաշինյանի պնդումը, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է
18:51 - 12 հոկտեմբերի, 2021

Փաշինյանի պնդումը, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է

Նախորդ կառավարությունն իր ծրագրում նշել էր, որ պետք է միջոցներ ձեռնարկի ազատազրկմանն այլընտրանք հանդիսացող պատիժների և կալանավորմանն այլընտրանք հանդիսացող խափանման միջոցների կիրառման համար անհրաժեշտ օրենսդրական երաշխիքների նախատեսման, դրանց գործնական կիրառման համար անհրաժեշտ միջոցների ապահովման ուղղությամբ, ինչպես նաև քաջալերի նման միջոցների կիրառումը (էջ 27)

Խորհրդարանում նոր կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանն իր ելույթում անդրադարձավ նախորդ ծրագրի այդ հատվածին՝ նշելով․ «Երբ մենք խոսում ենք քաղաքական հետապնդումների, բռնապետության մասին, ախր ո՞նց է ստացվում, որ 19 թվականին դուք ասում եք՝ քաջալերելու եք այլընտրանքային խափանման միջոցները, բայց ստացվում է՝ «Հայաստան» խմբակցությունից մենք ունենք երեք կալանավորված պատգամավոր։ Խոսքը չի գնում գործերը կարճելու մասին, մենք ասում ենք՝ կալանավորում չպետք է լինի, թող լինի խափանման այլ միջոց, բայց չի լինում»։ 

Սեպտեմբերի 26-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում իր եզրափակիչ ելույթի ընթացքում անդրադարձավ Վարդևանյանի հնչեցրած մտքերին։

«Էսօր Հայաստանի Հանրապետության պատմության մեջ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձը կա։ Այսինքն՝ երբեք Հայաստանի պատմության մեջ այսքան քիչ մարդու նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց չի ընտրվել, որքան հիմա»,- նշեց Փաշինյանը։

Infocom-ը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայություն հարցում էր ուղարկել՝ խնդրելով տրամադրել տվյալներ այն մասին, թե 2000 թվականից սկսած՝ յուրաքանչյուր տարի Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում քանի կալանավորված անձ է պատիժ կրել։

Քրեակատարողական ծառայությունից մեզ հայտնեցին, որ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված անձանց թվերի վերաբերյալ տվյալները ներկայացվում են յուրաքանչյուր ամսա առաջին օրվա դրությամբ։ Սրանից կարող են եզրակացնել, որ երբ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերին ասում էր, թե այս պահին ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, նկատի ուներ սեպտեմբերի 1-ի դրությամբ առկա տվյալները

Քրեակատարողական ծառայությունից մեզ տրամադրել են 2005-2014 թվականների՝ հունվարի 1-ի դրությամբ կալանավորվածների քանակի վերաբերյալ տվյալները։ 2015-2021 թվականների համար տրամադրվել են յուրաքանչյուր տարվա բոլոր ամիսների վերաբերյալ տվյալները։

Համաձայն քրեակատարողական ծառայության տվյալների՝ 2021-ի սեպտեմբերի 1-ի դրությամբ ՀՀ քերակատարողական հիմնարկներում եղել է 1150 կալանավորված անձ, ինչը Հայաստանի պատմության ամենափոքր թիվը չէ։

Գրաֆիկ 1-ում կարող եք տեսնել 2005-2014 թվականներին տարեսկզբի (հունվարի 1-ի) դրությամբ կալաավորների քանակը։

Գրաֆիկ 1

Ինչպես տեսնում եք, 2005, 2007-2009 և 2014 թթ․ առաջին ամիսների դրությամբ կալանավորված անձանց թվերը ավելի քիչ են եղել (համապատասխանաբար՝ 1099, 688, 617, 861, 1035), քան 2021-ի սեպտեմբերի 1-ին։

Գրաֆիկ 2-ում կարող եք տեսնել Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում 2015-2021 թթ․ բոլոր ամիսներին կալանավորված անձանց մասին տվյալները։

Գրաֆիկ 2
 
Ինչպես տեսնում եք, չնայած 2018-ի հունիսից մինչև 2021-ի հունվար որոշակի տատանումներով կալանավորված անձանց թվերի նվազման միտում է նկատվում, բայց փետրվարից կալանավորվածների թիվը կրկին սկսել է աճել՝ սեպտեմբերին դառնալով 1150։ Իսկ այս ցուցանիշն ավելի բարձր է, քան 2005, 2007, 2008, 2009, 2014 թվականների առնվազն հունվար ամիսների ցուցանիշները, ինչպես 2015-ի հունվարից մինչև 2016-ի մայիսն ընկած ժամանակահատվածի բոլոր ամիսների ցուցանիշները։
 
Իսկ Նիկոլ Փաշինյանի կառավարման ժամանակահատվածում ամենացածր ցուցանիշը եղել է 2021 թվականի հունվարին՝ 914 կալանավորված անձ։ Սակայն այս ցուցանիշը ևս ամենացածրը չէ, այն գերազանցում է 2007, 2008, 2009 թվականների առնվազն հունվար ամիսների ցուցանիշները։
 
Այսպիսով, Փաշինյանի պնդումը, թե այս պահին (սեպտեմբերի դրությամբ) ՀՀ պատմության մեջ քրեակատարողական հիմնարկներում ամենաքիչ թվով կալանավորված անձինք կան, սխալ է։
 
Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել