Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը»
16:44 - 07 սեպտեմբերի, 2021

Կառավարությունը շրջանառության մեջ է դրել «Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը»

Կառավարության կողմից շրջանառության մեջ է դրվել «Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքների բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման պայմանագրի օրինակելի ձևը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակ՝ www.e-draft.am-ից։ 

Նախագծի նպատակը բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցության տրամադրումն է Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված, մասնավորապես՝ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանված ընտանիքներին, ինչպես նաև ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ստեղծումն է։

Նախագծի ընդունումը պայմանավորված է պատերազմի հետևանքով տեղահանված ընտանիքներին աջակցության միջոցառումների շրջանակի ընդլայնմամբ։

Նախագծում նշվում է, որ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության կողմից տրամադրած տեղեկատվության, Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանից տեղահանվել է շուրջ 950 ընտանիք (3600 անձ), որոնց բնակարանային ապահովության խնդիրը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։

Ծրագրից կարող են օգտվել այն ընտանիքները, որոնք ԼՂՀ կառավարության 2003 թվականի ապրիլի 15-ի «ԼՂՀ տարածքում վերաբնակվող ընտանիքներին տրամադրվող արտոնությունների մասին» N 121 որոշմամբ հաստատված՝ վերաբնակեցման գրքույկ են  ստացել և ԼՂՀ-ում բնավորման մասին պայմանագիր են  կնքել, 2020 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ առնվազն վերջին 3 ամիսներին  փաստացի բնակվել են Քաշաթաղում, սեփականության իրավունքով իրենց պատկանող անշարժ գույք  են ունեցել  Քաշաթաղում ։

Աջակցությունը տրամադրվում  է ՀՀ մարզային բնակավայրերում կամ Արցախի Հանրապետությունում հիփոթեքային վարկով բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերող շահառուին և ուղղվում է հիփոթեքային վարկի ամենամսյա վճարների (մայր գումարի և տոկոսագումարի) մարմանը։ 

Ծրագրի շրջանակներում դիմումներն ընդունվելու են 2022 թվականի հունվարի 1-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 30-ը։ Աջակցությունը տրամադրվում է 2022 թվականի հունվարի 1-ին կամ դրանից հետո բնակելի անշարժ գույքի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման նպատակով տրամադրվող հիփոթեքային վարկերի մարման համար։

ՀՀ 2022 թվականի պետական բյուջեով ծրագրի համար կնախատեսվի 9 մլրդ դրամ։ Յուրաքանչյուր հաջորդ տարվա պետական բյուջեով ծրագրի համար ֆինանսական միջոցների ավելացման հարցը կքննարկվի տվյալ տարվա բյուջետային գործընթացի շրջանակներում՝ հաշվի առնելով ծրագրի գծով նախորդ տարիներին կատարված փաստացի ծախսերը: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է աջակցություն տրամադրել 950 շահառուի։ 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել