Ոչ պատերազմական պայմաններում հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ 1998-ից մինչեւ 2021 թվականը
16:34 - 08 սեպտեմբերի, 2021

Ոչ պատերազմական պայմաններում հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ 1998-ից մինչեւ 2021 թվականը

Լուսանկարը՝ hetq.am կայքից

Հայաստանի խորհրդարանում անցյալ ամիս՝ օգոստոսի 5-ի եւ 6-ի նիստերի ընթացքում քննարկման առարկա էր դարձել ոչ մարտական պայմաններում հայ զինծառայողների մահերի թեման։ Պատգամավորներն իրար մեղադրում էին, թե խաղաղ պայմաններում ում օրոք է ավելի շատ զոհ եղել։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, մասնավորապես, օգոստոսի 5-ի իր ելույթում հիշեցրեց, որ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք խաղաղ պայմաններում 700-ից ավելի զինծառայող է զոհվել։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն, արձագանքելով Ալեքսանյանի այս հայտարարությանը, պնդեց, թե վերջինս սխալ թվեր է ասել, եւ թե Քոչարյանի պաշտոնավարման տասը տարվա ընթացքում ոչ թե 700, այլ 92 զոհ է եղել։ Ռուստամյանը պնդեց, որ իր ասած թիվը պաշտոնական տվյալ է։ Արդեն հաջորդ օրը՝ օգոստոսի 6-ի նիստի ժամանակ, Վահագն Ալեքսանյանը, ի պատասխան Ռուստամյանի հնչեցրած այս հայտարարության, ընթերցեց Հայկական ուսումնասիրությունների Անի կենտրոնի հավաքագրած տվյալներն այն մասին, թե 1998-2008 թվականներին հայկական կողմը քանի զոհ է ունեցել. զոհերի թվերը, որոնք հավաքագրված են ՊՆ-ի, Դատախազության, ԱՄՆ պետքարտուղարության ներկայացրած տվյալներից, ակնհայտորեն ավելին են, քան 92-ը։ 

ԱԺ-ում այս քննարկումից հետո Infocom-ը ՀՀ դատախազությունից, Արդարադատության նախարարությունից, Պաշտպանության նախարարությունից եւ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից խնդրեց տրամադրել հայ զինծառայողների մահվան դեպքերի թիվը՝ 1992-ից 2021 թվականի օգոստոսը՝ յուրաքանչյուր տարվա համար առանձին նշելով պատճառը՝ մարտական գործողություններ կամ հրադադարի ռեժիմի խախտում, դժբախտ պատահար, սպանություն կամ ինքնասպանություն եւ այլն։ 

Պաշտպանության նախարարությունն, ինչպես գրեթե միշտ, այս անգամ եւս մերժեց տեղեկություն տրամադրել, Արդարադատության նախարարությունից հայտնեցին, որ նման վիճակագրություն չեն վարում, իսկ Դատախազությունն ու ՀՔԱՎ գրասենյակը տրամադրեցին 2010 թվականից սկսած իրենց հավաքագրած տեղեկությունները՝ զինծառայողների մահվան դեպքերի վերաբերյալ։ Դատախազությունից նշել են, որ ՀՀ զինված ուժերում եւ ԱՀ ՊԲ-ում 1992 թվականից մինչեւ 2010 թվականը գրանցված մահացության դեպքերի վերաբերյալ ՀՀ զինվորական դատախազությունում տեղեկություն առկա չէ։

Ուստի ստորեւ նախ կներկայացնենք Անի կենտրոնի ներկայացրած տվյալները՝ 1990-ականներից մինչեւ 2010 թվականը, ապա Զինդատախազությունից եւ ՀՔԱՎԳ-ից հարցմամբ ստացած տեղեկությունները՝ 2010-2021 թվականների վերաբերյալ։

1995-2010թթ․ ընթացքում հայ զինծառայողների մահվան դեպքերի թիվն անցնում է 1600-ը

Այսպես, Անի կենտրոնի այս տվյալների համաձայն (աղբյուրը՝ Թաթուլ Հակոբյան, «Մահվան հովիտ», էջ 250-251)` 1995-ին գոհերի թիվը կազմել է 324 հոգի, 1996-ին` 260 հոգի, 1997-ին՝ 217 հոգի, 1998-ին՝ 196 հոգի: 

Հակոբյանը գրել է, որ իր պահոցում պահպանվել է 1998-ի գոհերի վիճակագրության վերաբերյալ երկու այլ տվյալ եւս՝ 151 եւ 171, ընդ որում, ինչպես շեշտել է հեղինակը, վերջին թիվը 1999-ին հրապարակավ նշել է Սերժ Սարգսյանը: 

1999-ին Հակոբյանի պահոցում հանդիպում է 86 զոհ թիվը, ըստ Հայաստանի Հելսինկյան կոմիտեի՝ զոհերի թիվը եղել է 93: 

2000 թվականին հանդիպում է զոհերի երեք տարբեր թիվ՝ 72, մեկ այլ տեղ՝ 111, Սերժ Սարգսյանը հրապարակավ խոսել է ավելի քան 100 զոհի մասին։ 

2001-ին, ըստ Թաթուլ Հակոբյանի հավաքագրած տվյալների, եւս հանդիպում է երկու՝ ակնհայտորեն տարբեր թիվ՝ 56 եւ 92։ 

2002-ին նախ գրվել է 50, ապա 62 զոհի մասին, 2003-ին՝ 40, 2004-ին՝ 38 զոհ։ 

2005-ին Պն-ն, ինչպես նշված է գրքում, հայտնել է 47 զոհի մասին, 2006-ին պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը ներկայացրել է 33, Զինդատախազությունը՝ 36 թիվը։ 

2007-ին (դարձյալ առաջնորդվում ենք «Մահվան հովիտ» գրքում զետեղված տվյալներով), ՀՀ ՊՆ-ն հայտնել է 31 զոհի մասին, Զինդատախազությունը՝ 50։ 

2008-ին, ըստ Զինդատախազության, զոհերի թիվը կազմել է 71, ԱՄՆ պետքարտուղարության զեկույցի համաձայն՝ 69: 

2009-ին ՀՀ զինդատախազությունը ներկայացրել է 43 թիվը, ԱՄՆ պետքարտուղարությունը՝ 42։

2010-ի վերաբերյալ Թաթուլ Հակոբյանը նշել է, որ սա միակ տարին է, երբ չորս տարբեր կառույցներ նշել են միեւնույն` 54 թիվը՝ ՀՀ ՊՆ-ն, Զինդատախազությունը, ՀՔԱՎԳ-ը, ԱՄՆ պետքարտուղարությունը, միայն Խաղաղության երկխոսություն ՀԿ-ի տվյալների համաձայն՝ զոհերի թիվը եղել է 61-ը։

Իսկ ստորեւ ներկայացնում ենք 2010 թվականից մինչեւ 2021-ի օգոստոսը հայ զինծառայողների մահվան դեպքերը՝ ըստ Դատախազության եւ ՀՔԱՎ գրասնեյակի տվյալների եւ ըստ մահվան պատճառների։

Քանի որ Դատախազության եւ ՀՔԱՎ գրասենյակի տրամադրած տվյալները թվային անհամապատասխանություն ունեն, դրանք նախ կներկայացնենք առանձին ինֆոգրաֆիկաներով՝ նախ Դատախազության վիճակագրությունը, ապա Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակինը։

Դատախազույթունն առանձնացված տրամադրել է հակառակորդի կողմից կատարված սպանությունների, ինքնասպանությունների եւ ինքնասպանության հասցնելու դեպքերի, ծառայության հետ կապված ավտովթարների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքերի, հիվանդություններից մահվան դեպքերի, ականի, նռնակի պայթյունի հետեւանքով մահվան դեպքերի, դժբախտ պատահարների,  բռնարարքների, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումների, թռիչքի կանոնների խախտման պատճառներով մահվան դեպքերի տվյալները, որոնք ինֆոգրաֆիկայում ներկայացված են տարբեր գույներով։

(*Վերոբերյալ ինֆոգրաֆիկայում 2016 թվականի տվյալներում ներառված չէ Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թիվը)

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը տվյալները ներկայացրել է փոքր ինչ այլ բաժանումով․ մասնավորապես, ստորեւ բերվող ինֆոգրաֆիկայում ցուցադրել ենք հրադադարի ռեժիմի խախտման, ինքնասպանության, սպանության, բռնարարքի, հիվանդության, դժբախտ պատահարների, ավտովթարների, ականի, նռնակի պայթյունի, զենքի հետ վարվելու կանոնների խախտման եւ ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման, թռիչքի կանոնների խախտման, եւ, ի վերջո, անհայտ պատճառներով մահվան դեպքերի թվերը։ Պատճառները դարձյալ ներկայացված են առանձին գույներով։

(*Վերոբերյալ ինֆոգրաֆիկայում 2016 թվականի տվյալներում ներառված չէ Ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի թիվը)

Դատախազության եւ ՀՔԱՎ գրասենյակի տրամադրած թվերի տարբերությունը կարող եք տեսնել ստորեւ ներկայացվող ինֆոգրաֆիկայում, որտեղ դարձյալ չենք ներառել Ապրիլյան 4-օրյա պատերազմում զոհված զինծառայողների թիվը*։

2020 թվական՝ մինչեւ պատերազմը․ զինծառայողների մահվան 60, թե՞ 100 դեպք

2020 թվականի ընթացքում, Դատախազությունից ստացած տվյալների համաձայն, արձանագրվել է 60 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 22-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում՝ 5-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 4-ը՝ սպանություն, 13-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ կապված ավտովթար, 3-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքեր, 5-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 1-ը՝ ականի պայթյուն, 4-ը՝ դժբախտ պատահարներ:

Դատախազությունից ընդգծել են, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կումից սանձազերծված ագրեսիվ պատերազմի ընթացքում թշնամու գործողությունների հետեւանքով զոհված զինծառայողների վերաբերյալ ներկայումս ստույգ տեղեկատվություն տրամադրել հնարավոր չէ, քանի որ նրանց տվյալները պարբերաբար լրացվում են եւ այդ կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ուստի 2020 թվականի ընթացքում արձանագրված մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվել է բացառությամբ նշված ժամանակահատվածում զոհված զինծառայողների տվյալների: (27.09.2020թ.-09.11.2020թ.)

ՀՔԱՎԳ-ը 2020-ի ընթացքում մահվան դեպքերի վերաբերյալ ներկայացրել է 100 թիվը, որը ներառում է ԶԼՄ-ների տարածած տեղեկության, ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության (միայն 2020 թ. 1-ին կիսամյակի տվյալները)։ Ըստ այդմ՝ հրադադարի ռեժիմի խախտման պատճառով զոհվել է 17 զինծառայող, ինքնասպանության պատճառով՝ 18 զինծառայող, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման պատճառով՝ 1 զինծառայող, զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով՝ 3 զինծառայող, սպանության պատճառով՝ 4 զինծառայող, ավտովթարի պատճառով՝ 22 զինծառայող, առողջական խնդիրների պատճառով՝ 25 զինծառայող, ականի պայթյունից՝ 1 զինծառայող, դժբախտ պատահարի հետեւանքով՝ 9 զինծառայող։

2021 թվական

Դատախազությունից ստացած տվյալների համաձայն՝ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 21 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, որոնցից 7-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ (ընդ որում 2-ը վիրավորումը ստացել են 44-օրյա պատերազմի ժամանակ), 4-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 4-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 1-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպք, 2-ը՝ հիվանդության հետեւանքով մահվան դեպքեր, 1-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման դեպք, 2-ը՝ դժբախտ պատահարներ:

Իսկ ՀՔԱՎԳ-ը դարձյալ այլ թիվ է արձանագրել՝ 44 դեպք․ այս թիվը ներառում է ԶԼՄ-ների տարածած տեղեկատվության, ՀՀ գլխավոր դատախազության (2021 թ. 1-ին կիսամյակի դրությամբ տվյալների համադրությունը)։ Այդպիսով, արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով զինծառայողի մահվան 9 դեպք, ինքնասպանության պատճառով մահվան՝ 6, սպանության պատճառով մահվան՝ 6, ավտովթարից մահվան՝ 11, առողջական խնդիրների պատճառով մահվան՝ 8, դժբախտ պատահարի հետեւանքով մահվան 4 դեպք։

Քանի որ 2020 թվականի պատերազմի զոհերի թիվը դեռեւս հստակ չէ, իսկ 2021-ն ընթացիկ տարի է, այդ պատճառով այս թվականների տվյալներն ինֆոգրաֆիկաներում ներառված չեն՝ ցուցանիշները չխեղաթյուրելու համար։

Այսպիսով, 2010-2019 թվականներին, ըստ Դատախազության, արձանագրվել է 447 զինծառայողի մահվան դեպք, բացի դրանից՝ եւս 55 մահվան դեպք 2020-ի ընթացքում՝՝ մինչեւ պատերազմը, եւ 2021 թվականի հունվարի 1-ից օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ 21 դեպք։

Իսկ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակից ստացած տեղեկության համաձայն՝ 2010-2019 թվականներին արձանագրվել է 573 զինծառայողի մահվան դեպք, բացի դրանից՝ 2020-ի առաջին կիսամյակում արձանագրվել է մահվան 100 դեպք, 2021 թվականի առաջին կիսամյակում՝ 44 դեպք։


* Վերոբերյալ ինֆոգրաֆիկաներում տվյալների ակնհայտ տարբերություն կա հատկապես 2016 թվականի սյունակում։ Բանն այն է, որ 
2016 թվականի ընթացքում, Դատախազությունից ստացած տվյալների համաձայն, արձանագրվել է 140 զինծառայողների՝ ծառայության հետ կապված մահվան դեպք, 85-ը՝ հակառակորդի կողմից կատարված սպանություններ, 7-ը՝ սպանություն, 14-ը՝ ինքնասպանություններ եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր, 7-ը՝ ծառայության հետ կապված ավտովթարներ, 6-ը՝ զենքի օգտագործման կանոնների խախտման հետեւանքով տեղի ունեցած դեպքեր, 5-ը՝ հիվանդությունների հետեւանքով մահվան դեպքեր, 7-ը՝ մարտական ծառայություն կրելու կանոնների խախտումներ, 2-ը՝ ականի պայթյուններ, 7-ը՝ դժբախտ պատահարներ:

2016-ին, ՀՔԱՎ-ի տվյալների համաձայն, որոնք ներառում են ԶԼՄ-ների տարածած տեղեկությունները, ՀՀ գլխավոր դատախազության եւ ՀՀ պաշտպանության նախարարության տվյալների համադրությունը, զինծառայողների մահվան դեպքերի թիվը 175 է: Ընդ որում, ինչպես նշել են Գրասենյակից, ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է միայն 2016թ. հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով՝ այդ թվում՝ ապրիլի 2-11-ն ընկած ժամանակահատվածում մահացության դեպքերի թիվը՝ 83։

Այսպես, ՀՔԱՎԳ-ի տվյալների համաձայն՝ 2016-ին արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման պատճառով 111 զինծառայողի եւ կամավորականի մահվան դեմք, որից Ապրիլյան պատերազամի ժամանակ զոհվել է 77 զինծառայող։ Նույն թվականին արձանագրվել է ինքնասպանության 15 դեպք, դիտավորյալ սպանության՝ 3, երկու եւ ավելի անձանց սպանության՝ 2, մարտական ծառայություն կրելու կանոնների խախտման պատճառով մահվան՝ 4, անհայտ պայմաններում սպանության՝ 1, զենքի հետ վարվելու կանոնների խախտման պատճառով սպանության՝ 5 դեպք։ 2016-ին ավտովթարի պատճառով մահացել է 11 զինծառայող, առողջական խնդիրների պատճառով՝ 2 զինծառայող, ականի պայթյունից՝ 1 զինծառայող, դժբախտ պատահարի հետեւանքով՝ 7 զինծառայող, անհայտ պատճառով՝ 13 զինծառայող։

Նշենք, որ ՀՀ ՊՆ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ապրիլի 2-ից 5-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդի հետ անմիջական շփման գծում տեղի ունեցած մարտական գործողությունների ժամանակ զոհվել են 64 զինծառայողներ և 13 աշխարհազորայիններ ու պահեստազորայիններ։ 

Ուստի ներկայացված ինֆոգրաֆիկաներում 2016 թվականի զոհերի թվից հանել ենք Ապրիլյան պատերազմի զոհերի՝ ՊՆ-ի ներկայացրած թիվը՝ 64-ը։

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել