Գնել Սանոսյանը Սյունիքի և Վայոց ձորի մարզեր է այցելել
12:16 - 31 օգոստոսի, 2021

Գնել Սանոսյանը Սյունիքի և Վայոց ձորի մարզեր է այցելել

ՀՀ  տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 30-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում։

Սյունիքի մարզում՝  Սիսիանի քաղաքապետարանում,  ՏԿԵ նախարարը աշխատակազմին, համայնքի ավագանուն և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարներին  ներկայացրել է  համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։ Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին պաշտոնավարման ընթացքում համայնքի աշխատակազմի հետ համատեղ իրականացրած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Սիսիան բազմաբնակավայր համայնքում նախանշված աշխատանքները կշարունակվեն»,- նշված է ՏԿԵ նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Շնորհավորելով Արմեն Հակոբջանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք, իսկ համայնքի ավագանուն և աշխատակազմին  հորդորել է համագործակցել համայնքի ղեկավարի հետ՝  Սիսիանում և համայնքի մյուս բնակավայրերում  ընթացիկ  ծրագրերն ավարտին հասցնելու ու նոր ծրագրեր մեկնարկելու  համար։

«Ծրագրերի հաջող իրականացման և առկա խնդիրների լուծման գրավականը համայնքի, համայնքի ղեկավարի, աշխատակազմի  և պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու համագործակցությունն է»,- ընդգծել է նա։

Սյունիքի մարզից նախարարը մեկնել է  Վայոց ձորի մարզ, որտեղ այցը սկսել է Ջերմուկ համայնքից։ Ծանոթացել է սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկական զարգացման կենտրոնի հնարավորություններին, որին կից կառուցվում է նաև  խաղահրապարակ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 247 040 դրամ, որից համայնքի ներդրումը՝ 10 586 464, պետության հատկացումը՝19 660 576 դրամ է։

Գնել Սանոսյանին տեղեկացրել են, որ կենտրոնը պատրաստ է շահագործման և կահավորումից հետո կընդունի երեխաներին։ Այս պահին հաշվառված է 180 երեխա, բայց պատասխանատուները նշել են, որ կենտրոնը  մինչև 200 երեխա ընդունելու հնարավորություն ունի։

Այնուհետև նախարարն այցելել է Գնդեվազ բնակավայր, եղել համայնքային մանկապարտեզում, որը նույնպես մասնակի վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրով, ծանոթացել է շենքային պայմաններին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 9 686 544 դրամ է՝ 35 % համայնքի համաֆինանսավորմամբ։

Սուբվենցիոն ծրագրերով Մալիշկա համայնքում վերանորոգվում, ասֆալտապատվում է Ալավերդյան փողոցի և Կամոյի փողոցի՝ Երևանյան խճուղուց մինչև Անդրանիկի փողոց հատվածը՝ ընդհանուր 66 937 617 դրամ արժեքով, համայնքապետարանի և մշակույթի տան տանիքին տեղադրվել է ընդհանուր 35,275 հզորությամբ արևային կայանները։

Եղեգնաձոր համայնքում նորոգվում են  ճանապարհահատվածներ Չարենց-Թամանցիների փողոցում, բարեկարգվում են Սևակի 1,3,5 և Միկոյանի 10,11,12 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը՝ ընդհանուր շուրջ 54 մլն դրամի շրջանակում։

Նախարարը կապալառու ՍՊ ընկերությունների և համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների ընթացքին, ժամկետներին ու որակին վերաբերող հարցեր։   

Ընդհանուր առմամբ՝  2021թ.  սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից  Վայոց ձորի մարզից ներկայացված 39 ծրագրից հաստատվել է 38 ծրագիր՝ 2 մլրդ  126,3 մլն  դրամ արժողությամբ, որից 978,6 մլն   դրամը կամ  46,02 %-ը համայնքների ներդրումն է, 1 մլրդ  141,4 մլն  դրամը կամ 53,68 %-ը՝ սուբվենցիայի գումարն է, իսկ 6,3 մլն  ՀՀ դրամը կամ 0,3 %-ը՝ մասնավորի ներդրումն է:

Նշվում է, որ 27  ծրագրերի իրականացման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացել են,  որոնցից 13-ի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մյուս ծրագրերն  ընթացիկ կազմակերպական փուլում են։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել